Երեւան/Մեդիամաքս/. ԻՆԳՈ Արմենիայի եւ Կասկադ Ինշուրանսի՝ ԻՆԳՈ Արմենիա անվան տակ միաձուլման արդյունքում ստեղծվել է Հայաստանի խոշորագույն ապահովագրական ընկերությունը, որի բաժնետիրական կազմը նույնն է, ինչ նախկինում ուներ ԻՆԳՈ Արմենիան:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում հանդես գալով Կասկադ Ինշուրանսի նախկին ղեկավար Գառնիկ Տոնոյանի հետ համատեղ մամլո ասուլիսին (որն այժմ ԻՆԳՈ Արմենիայի տնօրենի տեղակալն է), ԻՆԳՈ Արմենիայի գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանն ասել է, որ միաձուլման արդյունքում ստեղծված ընկերության բաժնետոմսերի 75%-ը կրկին պատկանում է ռուսաստանյան Ինգոսստրախ ապահովագրական ընկերությանը, իսկ 25%-ը՝ ԻՆԳՈ Արմենիա-ի բաժնետեր ֆիզիկական անձին (որն ինքը Լեւոն Ալթունյանն է - Մեդիամաքս):Կասկադ Ինշուրանսի բաժնային կապիտալի 65%-ը պատկանում էր ԱՄՆ-ում հիմնադրված Գաֆէսճեան Ընտանիք Հիմնադրամին պատկանող «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ՓԲԸ-ինմ, իսկ 35%-ը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ): Լեւոն Ալթունյանը տեղեկացրել է, որ 2 ընկերությունների բիզնես-գործընթացների, փորձի համատեղման եւ անձնակազմերի միավորման գործընթացներն արդեն ավարտվել են, եւ ընկերությունն այսուհետ ավելի արագ եւ որակյալ սպասարկում է իրականացնելու՝ ունենալով Հայաստանում ամենամեծ մասնաճյուղային եւ գործակալական ցանցը (320 աշխատակից, 65 գրասենյակ եւ շուրջ 2000 գործակալ):Գառնիկ Տոնոյանը նշել է, որ ընկերությունների միաձուլումը շուկայի թելադրանքն էր՝ ունենալ ավելի հզոր ֆինանսական բազա եւ ենթակառուցվածքներ: «Միաձուլման արդյունքում ընկերությունն ունի ավելի քան 200 հազ. հաճախորդ, ավելի քան 8,7 մլրդ դրամի ապահովագրական պորտֆել, եւ այս տարի մենք ակնկալում ենք հավաքագրել շուրջ 9,2 մլրդ դրամի ապահովագրավճար», - ասել է Գառնիկ Տոնոյանը: Tweet Դիտում՝ 4383