Երեւան/Մեդիամաքս/. Հունիսի 25-ից շրջանառության մեջ են մտնում 50 դրամ անվանական արժեքով Հայաստանի մարզերին եւ Երեւան քաղաքին նվիրված 2012 թ. թողարկման ՀՀ շրջանառու հիշատակային մետաղադրամները:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկում, նշված մետաղադրամները ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են եւ ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքներով՝ փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց: 50 դրամ անվանական արժեքով 2003 թ. թողարկման ՀՀ մետաղադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների եւ շրջանառության պայմանների փոփոխության: Կենտրոնական բանկը թողարկել է 11 տեսակի 50 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ` նվիրված Հայաստանի Հանրապետության 10 մարզերին եւ ք. Երևանին: Մետաղադրամների դիմերեսի կենտրոնում պատկերված են.- Տավուշի բերդը` նվիրված Տավուշի մարզին;- Գառնու հեթանոսական տաճարը` նվիրված Կոտայքի մարզին;- Սեւանի թերակղզին` նվիրված Գեղարքունիքի մարզին;- Հաղպատի եկեղեցական համալիրը` նվիրված Լոռու մարզին;- Ֆայտոն` նվիրված Շիրակի մարզին;- Սյունիքի դարպասները` նվիրված Սյունիքի մարզին;- Խոր Վիրապը Արարատի պատկերի ներքո` նվիրված Արարատի մարզին;- Քարայծ` նվիրված Վայոց Ձորի մարզին;- Բյուրականի աստղադիտարանը` նվիրված Արագածոտնի մարզին;- Սարդարապատը` նվիրված Արմավիրի մարզին; - Սասունցի Դավթի արձանը երկաթգծի կայարանի շենքի պատկերի ներքո` նվիրված Երեւան քաղաքին:Մետաղադրամների դարձերեսի կենտրոնում շրջանառու հիշատակային մետաղադրամի անվանական արժեքն է` «50 դրամ», իսկ շրջագծով` զարդանախշեր: Շրջանառու հիշատակային մետաղադրամները հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում: Տպաքանակը` 60 000 հատ յուրաքանչյուր տեսակից: Tweet Դիտում՝ 13296