Երեւան/Մեդիամաքս/. Ս.թ. մայիսի 25-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում գործում է «Երիտասարդները բիզնեսում» վարկային ակցիան, որին կարող են մասնակցել այն բիզնես-կառույցները, որոնցում 60 եւ ավելի տոկոս մասնակցությունը պատկանում է 35 տարեկանը չգերազանցող գործարարներին, որոնք բաժնետիրոջ կարգավիճակում հանդես են գալիս առնվազն 6 ամիս:Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահի տեղակալ Նշան Գրիգորյանը հայտնել է, որ մինչ օրս ակցիայի շրջանակում բանկը ստացել է 10 վարկային հայտ, որոնք բոլորն էլ բավարարվել են, եւ արդեն իսկ տրամադրվել են շուրջ 45 մլն դրամի վարկային միջոցներ: «Վարկառուների շրջանում մենք ունեցել ենք եւ այսօր էլ ունենք բազմաթիվ բիզնես-կառույցներ, որոնց ղեկավարները երիտասարդ տարիքի են: Փորձեցինք այս ծրագրով խրախուսել երիտասարդ գործարարներին` տրամադրել էլ ավելի բարենպաստ պայմաններ սեփական բիզնեսը զարգացնելու համար»,- ասել է Նշան Գրիգորյանը:Նրա խոսքերով, ի տարբերություն բանկում գործող ավանդական առաջարկների` ուղղված բիզնես-հանրությանը, ակցիայի շրջանակում տրամադրվող վարկերի սակագները ցածր են առնվազն 2-3 տոկոսային կետով: Նվազեցված են նաեւ վարկային փաթեթի կազմման եւ սպասարկման վճարները: Մասնավորապես, կախված արժույթից (ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար) եւ մարման ժամկետից, վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմում է 11.5%-ից մինչեւ 15.5%, առավելագույն ժամկետը` մինչեւ 5 տարի, առավելագույն գումարը` մինչեւ 35 մլն դրամ:Նշան Գրիգորյանի փոխանցմամբ, ակցիայի շրջանակում սկսնակ/startup բիզնեսները վարկավորվում են այն դեպքերում, երբ պոտենցիալ հաճախորդն արդեն ունի մեկ բիզնես եւ ցանկանում է ձեռնարկել նաեւ այլ գործունեություն: Ակցիային կարող են մասնակցել նաեւ առնվազն 6 ամիս աշխատանքային փորձ ունեցող անհատ ձեռնարկատերերը, որոնց տարիքը բանկ դիմելու պահին եւս չի գերազանցում 35 տարեկանը:Ծրագրի շահառուները կարող են օգտագործել վարկը շրջանառու միջոցների համալրման, կապիտալ ներդրումների իրականացման, հիմնական միջոցների ձեռքբերման, ինչպես նաեւ կրեդիտորական պարտքի մարման նպատակով: «Երիտասարդները բիզնեսում» ակցիան կտեւի մինչեւ օգոստոսի 1-ը, սակայն պահանջարկից ելնելով ժամկետները կարող են երկարաձգվել: Tweet Դիտում՝ 4624