Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հայտարարել է, որ «մեր նպատակն է Հայաստանում ձեւավորել մրցունակ տնտեսություն, որը կունենա արտահանման լայն հնարավորություններ»:Ինչպես հայտնում է Մեդիամաքսը, Տիգրան Սարգսյանն ասել է այս մասին Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի (ԱԶՍԲ) կազմակերպած «Հայաստան. Աճի հնարավորությունները եւ միջազգային փորձը» բիզնես-ֆորումում իր ելույթում՝ ներկայացնելով երեկ ԱԺ-ի կողմից երել հավանության արժանացած կառավարության գործունեության ծրագրի գաղափարախոսությունը: «Այս ռազմավարությունը մենք կառուցում ենք պետություն-մասնավոր համագործակցություն սկզբունքի ներքո: Համաշխարհային բանկի ֆինանսական օժանդակությամբ մենք մշակել ենք արդյունաբերական նոր քաղաքականություն, որն ոչ միայն ենթադրում է պետության պատասխանատվություն բիզնես-միջավայրի հավասար մրցակցային պայամնների ստեղծման համար, այլեւ պետություն-մասնավոր հատված համագործակցության ներքո բացահայտվել են 11 ճյուղեր, որտեղ ՀՀ-ն ունի հարաբերական առավելություն եւ արտահանման մեծ ներուժ: Մեր գերակայությունն է խթանել փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում, ստեղծել նոր պայմաններ սկսնակ բիզնեսի համար, ինչն այսօր երկրում համար մեկ խնդիրն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:Խոսելով ԱԶՍԲ-ի հետ համագործակցության մասին՝ նա նշել է, որ «այն վերլուծական աշխատանքները, որոնք արվում են բանկի կողմից եւ նկարագրում մեր երկիրն ու առաջնահերթությունները, դառնում են մեր համատեղ քննարկման առարկան»: «Մենք շահագրգիռ ենք բացահայտել այն ոլորտները, որտեղ մեզ անհրաժեշտ են ներդրումներ»,- ասել է ՀՀ վարչապետը:Իր հերթին Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը խոսել է փոփոխությունների փոլում գտնվող տնտեսության մասին` նշելով, որ դրանք ընթանում են 2 ուղղությամբ` ներկրողից դառնալ արտահանող, ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան գյուղատնտեսություն, ինչը եւս կբերի արտահանմանը: «Այս ռեֆորմի պարագայում կարեւորում եմ ներդրումների առկայությունը, հատկապես արտասահմանյան ներդրումները, որոնց համար մեր երկրում կան բոլոր նախապայմանները»,- ասել է Աշոտ Օսիպյանը: Tweet Դիտում՝ 1645