Դեղերի խոշորագույն ներկրող Նատալի ֆարմ-ը տուգանվել է 50 մլն դրամով

11.06.2012 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) այսօր 50 մլն-ով տուգանել է դեղերի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող Հայաստանի խոշորագույն «Նատալի ֆարմ» ընկերությանը:
 
Տուգանքը սահմանվել է այսօր ՏՄՊՊՀ-ի նիստում դեղերի գծով պետական գնումների ոլորտում իրականացված վարչական վարույթի արդյունքներով, հայտնել են հանձնաժողովում:
 
Վերջինս ստացել էր դիմում-բողոք այն մասին, որ դեղերի գծով պետական գնումների ոլորտում հակամրցակցային գործողություններ են իրականացվում: Բողոքի հիման վրա ՏՄՊՊՀ-ը վարչական վարույթ էր հարուցել եւ պարզել, որ դեղերի իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ եւ բուժհաստատություններ, խախտելով պետական գնումների ընթացակարգերը, իրականացրել են հակամրցակցային գործողություններ:

Մասնավորապես, հանձնաժողովի կողմից բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ բուժհաստատությունները ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարել: Մի շարք դեպքերում էլ կազմակերպված մրցույթները կրել են ձեւական բնույթ: ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրություններով հայտնաբերվել են նաեւ դեպքեր, երբ դեղերի առքուվաճառքով զբաղվող ընկերությունը մրցույթից հետո բուժհաստատություներին կատարել է նվիրատվություն, ինչի արդյունքում խաթարվել է մրցութային գործընթացը եւ մրցույթը հայտարարող բուժհաստատությունը, գնման պահանջի վերացման պատճառաբանությամբ պայմանագիր չի կնքել մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ:
 
Հանձնաժողովը հակամրցակցային է ճանաչել դեղերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող 7 ընկերությունների եւ շուրջ 30 պետական բուժհաստատություների գործողություները:
 
Հաշվի առնելով, որ բացի Նատալի ֆարմ-ից մնացած բոլորն ունեն անհամեմատ փոքր ծավալներ, հանձնաժողովը խիստ նախազգուշացում հայտարարեց նրանց եւ պարտադրեց դեղորայքի եւ բուժական պարագաների ձեռքբերումն իրականացնել բացառապես մրցույթով:

Դիտում՝ 1867
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW