Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանն ու IBA ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Պիեր Մոտեն այսօր Բելգիայում ստորագրել են համագործակցության համաձայնագիր:Այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցը Բելգիա: IBA ընկերությունը գործունեություն է ծավալում միջուկային բժշկության ոլորտում եւ զբաղվում է այդ բնագավառի սարքավորումների արտադրությամբ: Համագործակցության արդյունքում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում հիմնվող ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոնին մինչ 2013 թվականի փետրվար IBA կմատակարարի 2,5 մլն եվրոյի սարքավորումներ: Կենտրոնի կառավարումը վստահվել է Global Medical Solutions ընկերությանը, որը նման կենտրոններ է ղեկավարում Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հոնգկոնգում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Թայվանում եւ Թայլանդում:Ուռուցքաբանական կենտրոնի ծրագիրն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցությամբ: Ծրագիրը գնահատվում է 35 մլն եվրո: Tweet Դիտում՝ 1530