Երեւան: Մեդիամաքս: Բրիտանական The Economist Group-ի մաս կազմող The Economist Intelligence Unit (EIU) հետազոտական խումբը կանխատեսում է 2012-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճի դանդաղում մինչեւ 3.6%՝ պայմանավորված վատթարացող արտաքին միջավայրի հետ: Այս տարվա համար ՀՀ կառավարության կողմից ծրագրած ՀՆԱ աճի ցուցանիշը կազմում է 4.2%: Հայաստանի տնտեսական կարճաժամկետ հեռանկարների վերաբերյալ հետազոտական խմբի զեկույցում նշվում է, որ տնտեսության բոլոր հիմնական ճյուղերը` բացի շինարարությունից, աճ են արձանագրում; գյուղատնտեսությունն աճել է 13.5%-ով, ինչը Հայաստանում ոլորտի ամենամեծ տարեկան աճն է սկսած 2004-ից՝ պայմանավորված լավ եղանակային պայմաններով: Արագ տեմպերով աճում են նաեւ վերամշակող եւ հանքաարդյունաբերությունը: Վերջինիս աճին նպաստել են հիմնական մետաղների բարձր միջազգային գները: Հետազոտական խումբը դրական զարգացումներ է նկատել նաեւ Հայաստանի ոսկու արդյունահանման ոլորտում, նշելով, որ ս.թ. փետրվարին Միացյալ Թագավորությունում գրանցված Lydian International-ը հայտնել է 2012-ին Հայաստանում $52 մլն-ի ներդրումներ իրականացնելու մասին, որոնք կուղղվեն Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը: Ընկերության գնահատմամբ, ոսկու պաշարները հանքավայրում կազմում են 40-80 տոննա, եւ այս զարգացումները մոտակա տարիներին դրական կանդրադառնան Հայաստանի արդյունաբերության աճի վրա:EIU-ն նշում է, որ 2012-ին տեղի է ունեցել գլոբալ տնտեսական պայմանների վատթարացում եւ դա կազդի Հայաստանի տնտեսական կատարողականի վրա: «Ռուսաստանի՝ Հայաստանի գլխավոր առեւտրային գործընկերոջ, ՀՆԱ-ի աճի մեր կանխատեսումը 2012-ին 3,5% է, իսկ 2013-ին՝ 3,8%՝ էներգակիրների բարձր գների շնորհիվ: Ռուսաստանի վերաբերյալ կանխատեսումներն ավելի բարենպաստ են, քան ԱՄՆ-ում եւ եվրոգոտում եւ դա դրական ազդակ է դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների հոսքի համար, քանի որ Ռուսաստանը հայկական աշխատանքային միգրանտներին ընդունող գլխավոր երկիրն է: Այնուամենայնիվ, վատթարացած գլոբալ տնտեսական իրավիճակը բացասաբար կանդրադառնա արտաքին պահանջարկի եւ մետաղական ապրանքների գների վրա: Բացի այդ, համաշխարհային ՀՆԱ-ի աճի դանդաղումը կնվազեցնի ներդրումները Հայաստանում: 2012-ին մենք կանխատեսում ենք Հայաստանի ՀՆԱ-ի աճի դանդաղում մինչեւ 3.6%, իսկ 2013-ին արտաքին միջավայրի բարելավումը կբերի ՀՆԱ 4.2% աճին», - նշում է EIU-ն, հավելելով, որ մետաղների գների սպասվածից ավելի անկման կամ Ռուսաստանի տնտեսական հեռանկարների վատթարացման դեպքում Հայաստանի վերաբերյալ կանխատեսումը կարող է ավելի հոռետեսական լինել: Tweet Դիտում՝ 1646