Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա-ն կօժանդակի ՀԿԽԸ-ին աղետներին արձագանքելու համար

25.05.2012 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը եւ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը հայտարարել են աղետներին արձագանքման եւ աղետների ռիսկի նվազեցման, ինչպես նաեւ առողջապահական աջակցության ոլորտներում համագործակցության մասին: 

Ստորագրված Համագործակցության համաձայնագրի համաձայն, Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը աջակցություն է ցուցաբերելու Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ աղետների ժամանակ տրամադրելով փոխադրամիջոցներ եւ պահեստային տարածքներ եւ այլ աջակցություն, իրականացնելով համատեղ ենթածրագրեր եւ դասընթացներ, ինչպես նաեւ օժանդակելու է ՀԿԽԸ միջոցների հայթայթմանը: ՀԿԽԸ-ն իր հերթին կկազմակերպի հատուկ դասընթացներ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության աշխատակիցների համար՝ առաջին օգնության եւ աղետներին նախապատրաստման եւ արձագանքման ոլորտներում, ինչպես նաեւ կաջակցի աղետներին արձագանքման վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման համատեղ ծրագրերին:

«Տարիների ընթացքում Հայաստանը բազմաթիվ աղետների միջով է անցել, եւ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության ու Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությունը ուղղված է աջակցելու համայնքներին՝ աղետների ռիսկը գնահատելու եւ կանխարգելելու, աղետներին արձագանքելու եւ դրանց հետեւանքների վերականգնման աշխատանքներում:  Մենք հպարտ ենք համագործակցելու Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ՝ համայնքների համար այսպիսի կարեւոր նախաձեռնության շրջանակներում», - ասել է Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը: 

«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մեծապես կարեւորում է կորպորատիվ հատվածի հետ համագործակցությունը, դրա ներգրավվածությունը եւ աջակցությունը` արձագանքելու նշված եւ այլ բազում մարդասիրական խնդիրներին», - ասել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:

Կոկա-Կոլա համակարգը գործընկերային հարաբերություններ է սահմանել Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի հետ դեռեւս 1917 թվականից եւ աջակցում են համայնքներին աղետներին արձագանքման եւ դրանց հետեւանքների վերացման գործում, իսկ 2011 թվականին այս երկու կազմակերպությունները ստորագրել են գլոբալ համագործակցության նոր համաձայնագիր, որն ուղղված է ամբողջ աշխարհում աղետներին նախապատրաստման եւ արձագանքման հզորացմանը: 

Կոկա-Կոլա Հելլենիկ խումբը աջակցել է Կարմիր Խաչին այնպիսի աղետների ժամանակ, ինչպիսին են Ուկրաինայում խոզի գրիպի համաճարակը, Իտալիայի Աբրուցո քաղաքում երկրաշարժը, Սերբիայում, Բոսնիայում եւ Հերցեգովինայում ջրհեղեղները, Ռուսաստանում եւ Հունաստանում անտառային հրդեհները:

Դիտում՝ 1629
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW