Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան բանկը բացում է Հայաստանում առաջին “Private Banking” VIP գրասենյակը ապահովված հաճախորդների համար:Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնել է ՎՏԲ24 բանկի վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը, ով այս առիթով ժամանել է Հայաստան:Նրա խոսքերով, “Private Banking”-ը մատուցելու է ծառայություններ ավանդների, վարկային պրոդուկտների, ոչ ստանդարտ ներդրումների մասով, իսկ փոխհարաբերությունների համակարգը կառուցված է լինելու անհատական մենեջերի միջոցով հետադարձ կապի սկզբունքով, ով լուծելու է բոլոր ֆինանսական խնդիրները:“Private Banking”-ը, որը Ռուսաստանում ունի 4 տարվա պատմություն, հնարավորություն է տվել այդ երկրում $6 մլրդ-ի միջոցներ ներգրավել: Մինչեւ հայկական շուկայում այն ներդնելը անց է կացվել շուկայի հետազոտություն եւ պարզվել է, որ կան հաճախորդներ, ովքեր կօգտվեն այս ծառայությունից: Հայկական սփյուռքը հստակ տեղակայում չունի, եւ դժվար է ասել, թե որքան հաճախորդներ կօգտվեն այս ծառայությունից”,- ասել է Միխայիլ Զադորնովը:Նա նշել է, որ այս քայլով նպատակ են հետապնդում ցանկալի տեղ գրավել Հայաստանի պրեմիում շուկայի ոլորտում, քանի որ մանրածախ բիզնեսի զարգացման ուղղությամբ նշանակալի առաջընթաց արդեն իսկ ունեն:Միխայիլ Զադորնովը տեղեկացրել է, որ իր այցի նպատակներից է նաեւ մասնակցությունը ՎՏԲ խմբի անդամ բանկերի հիփոթեքային բաժանմունքների ներկայացուցիչների համար Երեւանում կազմակերպված սեմինարին, ինչպես նաեւ ՎՏԲ-Հայաստան բանկի տարեկան հաշվետվությանը ծանոթանալու նպատակով:Նա ասել է, որ այս տարվա ընթացքում մոտ $2մլն-ի ներդրումներ են կատարվելու ՎՏԲ-Հայաստանի բոլոր մասնաճյուղերի վերազինման նպատակով, ինչպես նաեւ միջոցներ են տրամադրվելու բանկի ՏՏ հարթակի եւ աշխատակազմի համար:“ՎՏԲ Հայաստանի հանդեպ մեր ուշադիր վերաբերմունքը ցույց կտանք շարունակական ներդրումներով` տեխնոլոգիական, մարդկային եւ ֆինանսական ոլորտներում”,- նշել է նա: Tweet Դիտում՝ 6263