Երեւան/Մեդիամաքս/. ՄԳԱ Վոթըր ընկերությունը («Մաքուր Ջուր» ապրանքանիշ) կդիմի դատարան՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշումը բողոքարկելու հայցով: Մարտի 30-ին հանձնաժողովը «ՄԳԱ Վոթըր»-ի վարքագիծը շուկայում որակել էր որպես անբարեխիղճ մրցակցություն` կիրառելով օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատժաչափ` տուգանք տարեկան հասույթի 1%-ի չափով. հանձնաժողովը հայտնաբերել էր, որ «Մաքուր ջուր» ապրանքանիշի ներքո վաճառվող խմելու ջուրը շշալցվում է ոչ թե «Գառնիի բարձրադիր լեռնային աղբյուրից հոսող», ինչպես նշվում է գովազդներում, այլ Նուբարաշենի տարածքում գտնվող քաղաքային ջրամատակարարման ցանցի ծորակներից: «Իրականում ՄԳԱ Վոթըր-ը 9 տարի է, ինչ շշալցնում է Գառնիի աղբյուրների ջուրը, որը խողովակի միջով հոսում է արտադրամաս: Ընկերությունը երբեք սպառողներից չի թաքցրել «Մաքուր ջրի» հումքային ծագումը: Նշենք, որ ընկերությունը հարցով դիմել է Ստանդարտների ազգային ինստիտուտ, որից ստացել է պաշտոնական պատասխան առ այն, որ Հայաստանում գործող եւ ոչ մի օրենքում չկա «բնական աղբյուրի խմելու ջուր» հասկացության կոնկրետ ամրագրում: Հետեւաբար, նման պարագայում հանձնաժողովի կողմից այս բառակապակցության վիճարկումը չունի հիմքեր, այլ միայն հիմնված է անդամների տրամաբանության վրա», - ասել է ՄԳԱ Վոթըր-ի փոխտնօրեն Հակոբ Մաթոսյանը:Հանձնաժողովը պնդում է նաեւ, որ իր ուսումնասիրությունների համաձայն, ընկերության կշիռը շուկայում շատ ավելի մեծ է, քան ցույց է տալիս ՄԳԱ Վոթըր-ը, եւ թողարկվող արտադրանքի ծավալները զգալիորեն քիչ են ներկայացվում:Հակոբ Մաթոսյանը հանձնաժողովի այս եզրակացությունն անհիմն է անվանել՝ հղում կատարելով ջրի մաքրման եւ շշալցման տեխնոլոգիական գործընթացի մասին ՏՄՊՊՀ մասնագետների մոտ անբավարար գիտելիքների վրա: Tweet Դիտում՝ 3607