Մատչելի ավտոմեքենա, թե՞ մատչելի Kia

04.04.2012 | 18:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 15-ին կմեկնարկի \"Երիտասարդ ընտանիքներին մատչելի ավտոմեքենա” պետական ծրագիրը, որը ենթադրում է ավտովարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, ավտոդիլերների հետ բանակցությունների արդյունքում ընտրվել է կորեական KIA մակնիշի ավտոմեքենաներ ներմուծող “ԿԻԱ Մոթորս Արմենիա” ընկերությունը:

Մեդիամաքս-ի թղթակիցը ծրագրի պայամնների եւ իրականացման մասին խոսել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի եւ ավտոդիլերների  հետ, փորձել պարզել` ինչու՞ հենց “ԿԻԱ Մոթորս Արմենիա”-ն  դարձավ ծրագրի գործընկեր եւ ի՞նչ առաջարկներ են ներկայացրել մյուս ավտոդիլերները:

“Գաղափարը խարսխված  է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի այն դրույթի վրա, որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է հնարավորություն ունենա մատչելի պայամններով ձեռք բերելու բնակարան եւ ավտոմեքենա: Ծրագիրն իրականացվում է Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման կողմից, իսկ “ԿԻԱ Մոթորս”-ը մեր գործընկերն է: Շուկայում գնադիտարկում ենք կատարել եւ եկել ենք այն համոզման, որ գին-որակ հարաբերակցությամբ այս պահին, թերեւս, լավագույն տարբերակներից մեկը առաջարկում է “ԿԻԱ Մոթորս Արմենիա”-ն,- Մեդիամաքս-ին ասել է Արսեն Քարամյանը: 

Նա նշել է, որ կարեւոր նախապայման է հանդիսացել նաեւ ընկերության տրամադրած երաշխիքային սպասարկումը. “ԿԻԱ Մոթորս Արմենիա”-ի տրամադրած երաշխիքային սպասարկումն առկա է մինչեւ 150.000 կմ վազքի դեպքում, ինչի առումով ընկերությունն այսօր շուկայում բացարձակ առաջատար է”, - ասել է Քարամյանը:

Ավտովարկը կտրամադրվի  առնվազն 7 տարվա մարման ժամկետով, կարող է լինել մինչեւ 10 տարի` կախված շահառուի վարկունակությունից կամ վարկային պատմությունից, կանխավճարը` 10-20 տոկոս` կրկին կախված շահառուի վարկունակությունից եւ վարկային պատմությունից, ամուսինների հանրագումարային տարիքը չպետք է գերազանցի 65-ը:

Արսեն Քարամյանն ասել է, որ շուտով  կհրապարակվի սպասարկող բանկերի ցանկն ու դիմելու կարգը:

«2012-ին ծրագիրը կյանքի կոչելու համար տրամադրվել է 500 մլն դրամ` սա նշանակում է, որ 100-120 ընտանիք հնարավորություն կունենա այս ծրագրի միջոցով մեքենա գնել”, - ասել է Արսեն Քարամյանը:

Առավելությունը կտրվի երկու եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին:

“Կարծում եմ, որ եթե ծրագրի մեկնարկը հաջողված լինի, այն շարունակություն կունենա նաեւ 2013-14 թթ. ընթացքում”, - նշել է փոխնախարարը:

“ԿԻԱ Մոթորս Արմենիա”-ի հետ նախնական պայմանավորվածությունը ենթադրում է  երեք դասի մեքենա. “4.3-5 մլն, 5-6 մլն եւ 6-7 մլն դրամ արժողությամբ: Ամեն դասի մեջ կլինի երեքական մեքենա, ընդհանուր առմամբ այս երեք դասի մեջ կլինեն 9 տարբեր հագեցվածության մեքենաներ, համապատասխանաբար նշված դասերի` Kia Picanto, Kia Rio, Kia Cerato:

“ԿԻԱ Մոթորս Արմենիա” ընկերության վաճառքի գծով տնօրեն Սամվել Ավետիսյան Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ առաջարկվող մեքենաների գները մշակված են հատուկ այս ծրագրի համար: “Հաշվի ենք առել այն հանգամանքը, որ շահառուները լինելու են երիտասարդ ընտանիքներ: Երաշխիքային սպասարկումն էլ լինելու է 5 տարի, կամ 150.000կմ վազք:”

“Կարծում եմ`  ծրագիրը շարունակական կլինի: Մեր ընկերությունը միանշանակ շարունակելու է իր համագործակցությունն այս ծրագրի հետ` հանդես գալով լավ առաջարկներով”,-ասել է Սամվել Ավետիսյանը:

Փորձելով պարզել` ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում ի՞նչ առաջարկներ են ներկայացրել մյուս ավտոդիլերները` տեղեկացանք, որ նրանցից ոմանք պաշտոնական որեւէ առաջարկ չեն ստացել:

Հայաստանում “Suzuki” -ի պաշտոնական ներկայացուցիչ  \"Ռոյալ Մոթորս\" ՍՊԸ   գլխավոր տնօրենի տեղակալ, վաճառքի տնօրեն Վլադիմիր Հովսեփյանը Մեդիամաքս-ին հայտնել է, որ “Երիտասարդ ընտանիքներին մատչելի ավտոմեքենա” պետական ծրագրի մասին ընկերությանը որեւէ առաջարկ չի արվել: “Ծրագրի մասին տեղեկացել ենք ԶԼՄ-ներից` մեզ հետ ոչ ոք առաջարկ չի քննարկել”:

Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը ողջունելի է համարել կառավարության նմանատիպ ծրագիրը, բայց նշել, որ ցանկացած բնագավառ զարկ տալու եւ բիզնեսը խթանելու համար պետք է ապահովել ազատ մրցակցային դաշտ:

Հայաստանում “Nissan” -ի պաշտոնական ներկայացուցիչ “Մուրան”ընկերության  մարկետինգի բաժնի ղեկավար Արտյոմ Պետրոսյանը եւս Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել է, որ իրենց ծրագրի մասին որեւէ պաշտոնական տեղեկություն չեն ստացել.

“Այդ մասին տեղեկացել ենք լրատվամիջոցներից: Ենթադրում եմ, որ եթե դիմել են, ապա ոչ բոլոր ավտոդիլերներին”: “Մուրան”-ի մարկետինգի բաժնի ղեկավարը նշել է, որ առաջարկի դեպքում պատրաստ են համագործակցել ծրագրի հետ:

Անդրադառնալով Արսեն Քարամյանի խոսքին, որ “ԿԻԱ Մոթորս Արմենիա”-ի ընտրության համար կարեւոր նախապայման է հանդիսացել նաեւ ընկերության տրամադրած երաշխիքային սպասարկումը`Վլադիմիր  Հովսեփյանը նշել է, որ “ավտոմեքենայի ընտրության հարցում ամենաբարձր չափանիշը տրամադրվող երաշխիքային սպասարկումը չէ”:  

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 4457
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW