Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանը համագործակցության ձեւեր է փնտրում՝ առանց ԱՊՀ Մաքսային միությանն անդամակցելու: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին վարչապետն ասել է “Կոմերսանտ”-ին տված հարցազրույցում: “Համաշխարհային պրակտիկայում չկա օրինակ, երբ երկիրը, սահման չունենալով, դառնա Մաքսային միության անդամ: Դա անիմաստ կլիներ: Մաքսային միության իմաստն այն է, որպեսզի ապրանքների փոխանակումն իրականացվի առանց մաքսային ստուգման: Մեր պարագայում դա հնարավոր չէ, քանի որ մենք պետք է անցնենք հարեւան պետության տարածքով եւ հավելյալ խնդիրներ կունենանք՝ կապված մաքսային տուրքերի եւ հարկերի բարձրացման հետ: Տնտեսական առումով դա աննպատակահարմար է: Մեր ռուսաստանցի գործընկերներն ըմբռնումով են մոտենում այս հարցին: Մենք համագործակցության ձեւեր ենք փնտրում առանց անդամակցելու Մաքսային միությանը: Ըստ երեւույթին, արժե մտածել ինչ-որ նոր պլատֆորմի կամ էլ Հայաստանի համար հատուկ կարգավիճակի մասին ”,- ասել է Տիգրան Սարգսյանը: Tweet Դիտում՝ 5969