Երեւան: Մեդիամաքս: Մարտի 1-ին մեկնարկել է “Ես գիտեմ” հանրային իրազեկման արշավի 2-րդ փուլը:Ինչպես հայտնում է Մեդիամաքս-ը, այսօր այդ մասին ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:Նրա խոսքով, արշավի 2-րդ փուլի շրջանակներում քաղաքացիները կարող են տեղեկատվություն ստանալ կառավարության կողմից իրականացված բարեփոխումների վերաբերյալ report.gov.am կայքից: Ամբողջ տեղեկատվությունը ըստ իրականացված բարեփոխումների ներկայացված է լինելու համայնք առ համայնք: Իր հերթին Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ասել է, որ 2-րդ փուլի շրջանակներում կավելանան ոլորտներն ըստ իրականացված բարեփոխումների, մասնավորապես, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը եւ ջրամատակարարումը:Կշարունակեն գործել esgitem.am կայքը, թեժ գիծը, արշավի հեռուստառադիոգովազդը, բացի այդ, կանցկացվի համապատասխան թրենինգ, որին մասնակցելու համար արդեն դիմել են 200 հոգի:Ներկայացնելով առաջին փուլի արդյունքները` Տիգրան Ջրբաշյանն ասել է, որ կառավարության թեժ գծով գրանցվել է ավելի քան 11 հազար զանգ, esgitem.am կայքի այցելուների քանակը մեկ ամսվա ընթացքում կազմել է 40 հազար: Նա նշել է, որ այցելուներին հիմնականում հետաքրքրում է անշարժ գույքի, վարորդական իրավունքի եւ տեխզնման վերաբերող տեղեկատվությունը:“Ես գիտեմ” արշավն իրականացվում է ՀՀ կառավարության եւ “Ամերիա” խորհրդատվական ընկերության կողմից` Համաշխարհային բանկի (ՀԲ) ֆինանսավորմամբ: Ծրագրի առաջին փուլի արժեքը, որը անցկացվել է փետրվարին, կազմել է մոտ $100 հազ.: Երկրորդ փուլի իրականացումը կրկնակի քիչ ծախսեր կպահանջի: Tweet Դիտում՝ 4522