Երեւան: Մեդիամաքս: Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է մի քանի որոշումներ, որոնք ուղղված են բիզնես-միջավայրի բարելավմանը:Մասնավորապես, կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած երկու որոշումները, որոնք վերաբերում են ՀՀ տարածքում արտադրանքի, ապրանքների եւ դրանց գների (հասույթի) գրանցմանը (հաշվառմանը), տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցմանը (հաշվառմանը): Այդ բնագավառում իրականացվող նոր քաղաքականությունը 2012 թ. հունվարի 1-ից սահմանվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով եւ օրենքի N4 հավելվածով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ առաքվող արտադրանքի գրանցման կարգավորումն օրենքով երկար սպասված որոշում էր, որին դրական կարձագանքի բիզնեսը։Կառավարությունը հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» եւ եւս մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։ Դրանք ենթադրում են իրավաբանական անձի անունից ցանկացած գործողության կատարում` առանց կնիքի օգտագործման։ Նշված բարեփոխման արդյունքում կբարելավվի Հայաստանի գործարարությամբ զբաղվելու մատչելիության գործակիցը համաշխարհային սանդղակում։Կառավարությունը նաեւ հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» եւ եւս տասներեք ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կհստակեցվի եւ կպարզեցվի նախկինում գոյություն ունեցող տարբեր գրանցամատյանների վարման կարգը ։ Tweet Դիտում՝ 1817