Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր 3 տարով հետաձգել է Հանա-Տրանս ընկերության կողմից ավելացված արժեքի հարկի վճարումը, որն իրականացնելու է ԼՂՀ-ից Երեւան ածուխի փոխադրում՝ այն Երեւանի ջերմաէլեկտրակայանում օգտագործելու համար:Ինչպես տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, բեռնափոխադրող ընկերությունը նախատեսում է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Մաղավուզի շրջանից ածխի փոխադրումը Վարդենիսի երկաթուղային հանգույց` հետագայում այն երկաթուղով Երեւան փոխադրելու նպատակով։ Բեռնափոխադրումը կազմակերպելու համար Հանա-Տրանսը ձեռք է բերել 40 Scania մակնիշի ինքնաթափ ավտոմեքենա` այդ նպատակով ներդնելով մոտ 1.9 մլրդ դրամ։ «Այս ծրագրով մեծանում են մեր էներգետիկ ռեսուրսների օգտագործման ճկունությունը եւ արդյունավետությունը։ Բացի այդ, կառուցվելու եւ շահագործման է հանձնվելու մի նոր ճանապարհ, որը մեզ կապելու է Ղարաբաղի հետ։ Դրանով հումք է տեղափոխվելու Հայաստան, եւ մեր էներգետիկ համակարգը ձեռք է բերելու լրացուցիչ ռեսուրս», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայաստանի կառավարությունը 2009թ-ին որոշում է ընդունել, ըստ որի 3 տարով հետաձգում է 300 մլն դրամից ավելի արժողությամբ սարքավորումներ եւ մեքենաներ ներմուծող ընկերություններից ներմուծված ապրանքի դիմաց ավելացված արժեքի հարկի գանձումը: ԱԱՀ-ն այս դեպքերում սովորաբար գանձվում էր սահմանին՝ անմիջապես ներմուծելիս: Էկոնոմիկայի նախարարն այսօր նշել է, որ Հանա-Տրանս-ի վերաբերյալ որոշումն արդեն 22-րդ դեպքն է, երբ կառավարությունը թույլ է տալիս հետաձգել հարկի վճարումը: Tweet Դիտում՝ 1703