Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտին կգործի 6 ամսից

02.02.2012 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ազատ տնտեսական գոտի ստեղծել “Մարս” գործարանի եւ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳԻ) տարածքներում։

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, դրանով կառավարությունը բավարարել է ռուսաստանյան “Սիտրոնիքս” ընկերության հայաստանյան դուստր ձեռնարկության՝ Սիտրոնիքս Արմենիա-ի հայտը՝ վերոհիշյալ տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ ազատ տնտեսական գոտու ստեղծման հիմնական նպատակն ոչ թե Հայաստանում գործող բիզնեսների տեղափոխումն է այնտեղ, այլ ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավումը, եւ առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման աճին նպաստումը: Միեւնույն ժամանակ, նա չի բացառել ազատ տնտեսական գոտում նաեւ հայաստանյան կապիտալով նորաստեղծ ընկերությունների ներկայությունը:

Ըստ նախարարի, գոտու ընկերությունները կգործեն թեթեւ հարկային ռեժիմում, ինչպես նաեւ աջակցություն կստանան արտահանման հարցերում: Տիգրան Դավթյանը տեղեկացրել է, որ առաջիկա 6 ամսում նախատեսվում է Սիտրոնիքս Արմենիա-ի կողմից նախապատրաստական բոլոր աշխատանքների ավարտը, ինչից հետո ազատ գոտին կսկսի փաստացի գործել:

Ստեղծվող գոտում կկարողանան աշխատել արտադրաարդյունաբերական եւ տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության եւ կենսատեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի եւ հեռահաղորդակցության ոլորտներում գործող ընկերությունները:

Սիտրոնիքս Արմենիա-ի գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը դեկտեմբերի 28-ին տեղեկացրել էր, որ ընկերությունը նախատեսում է ստեղծել եւ կառավարել անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով հագեցած շուրջ 100 հազ. քմ տարածքով ազատ տնտեսական գոտի՝ ընդհանուր առմամբ ներդնելով $10 մլն:

Դիտում՝ 1862
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW