“Հայաստան” կենտրոնը ապօրինի է գտնվում Ամերիաբանկի տիրապետման ներքո, ասում է փաստաբանը

26.01.2012 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Հայաստան” առեւտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ” ՓԲ ընկերության եւ Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ:

“Երեւանի Հր.Քոչարի 2 հասցեում գտնվող Հայաստան հանրախանութը (այսուհետ` Տարածք) սեփականության իրավունքով պատկանել է Փայլակ Հայրապետյանին, որը Ամերիաբանկի կողմից (մեր կարծիքով) ապօրինի կարգով վերցվել է ի սեփականություն: Այդ վերցման գործողությունները Փայլակ Հայրապետյանը վիճարկում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում”, - ասված է հայտարարության մեջ:

“ՀՀ ոստիկանության աշխատակիցները ազատեցին Տարածքը եւ հեռացան, երբ մեր կողմից ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված բողոքի քննարկման արդյունքում պարզեցին, որ առկա է դատական վեճ եւ վարձակալի իրավունքի գրանցման վկայական: Հետեւաբար, ոստիկանության գործողությունները այս համատեքստում իրավաչափ էին: Ոստիկանության աշխատակիցների հեռանալուց հետո “Ամերիաբանկ” ՓԲԸ աշխատակիցները փորձեցին բռնի ուժով կանխել Ընկերության ներկայացուցիչների կողմից տարածքը տիրապետելու գործողությունները, ինչի արդյունքում վնասվեց Ընկերության գույքը: Այս պահի դրությամբ Տարածքը գտնվում է Բանկի տիրապետման ներքո ապօրինի”, - ասել է փաստաբանը:

Ամերիաբանկը հունվարի 25-ին հայտնել էր, որ Երեւանի Արաբկիր համայնքի Հր. Քոչարի փողոց թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքն օրենքով սահմանված կարգով անցել է բանկի սեփականությանը` բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման հիմքով:

«Ամերիաբանկի կողմից տրամադրվել է ծանուցում նշված տարածքի վարձակալ հանդիսացող ««Հայաստան» առեւտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ին` տարածքը մեկամսյա ժամկետում ազատելու վերաբերյալ, սակայն նշված պահանջը չի կատարվել: Ներկայումս Բանկն իրականացնում է աշխատանքներ` նշված տարածքն ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ: Այդ աշխատանքները որեւէ կերպ չեն անդրադառնա նշված տարածքում մանրածախ առեւտուր իրականացնող անձանց վրա, որոնց առաջարկվել է օրենքով սահմանված կարգով վերակնքել համապատասխան պայմանագրեր», - ասված էր բանկի պարզաբանման մեջ:

Դիտում՝ 2473
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW