Երեւան/Մեդիամաքս/. Այ Էյ Բի Սենթր (IAB Centre) հայ-բրիտանական ուսումնական կենտրոնը կազմակերպում է նոր դասընթաց` «Հաշվապահական հաշվառում ֆինանսական կազմակերպություններում»: Ինչպես Մեդիամաքսի հետ հարցազրույցում նշել է Այ Էյ Բի կենտրոնի տնօրեն Արաքսյա Մելքոնյանը, հունվարի 21-ին մեկնարկող դասընթացը նախատեսված է Ֆինանսավարկային ընկերությունների` բանկերի եւ վարկային, ինչպես նաեւ ներդրումային եւ աուդիտորական կազմակերպությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, հաշվապահների եւ ֆինանսական մասնագետների համար: Դասընթացի շրջանակներում մասնակիցներին կներկայացվեն ֆինանսական կազմակերպություններում նոր հաշվային պլանի ներդրման հետ կապված հաշվապահական հաշվառման մոտեցումները, Միջազգային ֆինանսական հաշվետվողական ստանդարտների (ՄՖՀՍ-IFRS) հիմնական փոփոխությունները, նոր հաշվային պլանի ներդրման ընթացքում ծագող հարցերի ուսումնասիրությունը և վերլուծությունը: Արաքսյա Մելքոնյանի գնահատմամբ, այս դասընթացի կազմակերպմամբ փորձ է արվում շուկայի մասնակիցներին ժամանակին տեղյակ պահել այն դինամիկ փոփոխությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում միջազգային մասնագիտական ասպարեզում: «Նման հանդիպումները շատ կարևոր են, որպեսզի բացահայտվեն և քննարկվեն նաև այն պրակտիկ իրավիճակները, որոնք այսօր բարդություն են ներկայացնում ֆինանսական հատվածի աշխատակիցների համար: Ըստ էության, այս և նմանատիպ խնդիրների հիմնովին լուծմանն է կոչված Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների անկախ պալատի ստեղծման նախաձեռնությունը», - նշել է ուսումնական կենտրոնի ղեկավարը: Tweet Դիտում՝ 17853