Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Արմավիրի մարզի Վանանդ համայնքում կառուցվող «Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման նոր գործարանի հիմնարկեքի արարողությանը: Գործարանի շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարվա ամռանը: Այն համալրելու է բնական հյութերի արտադրությամբ զբաղվող «Նոյան»-ի արտադրատեսականին եւ պատրաստելու է մանկական սննդի արտադրության համար անհրաժեշտ խյուսեր եւ խտանյութեր, ինչպես նաեւ տոմատի եւ կարմիր պղպեղի մածուկ: Պահանջարկի աճի դեպքում գործարանը հնարավորություն ունի կրկնապատկելու իր արտադրանքը՝ կայուն հումքային բազայի առկայության շնորհիվ:Հանրապետության ղեկավարն այցելել է նաեւ Վանանդի միջնակարգ դպրոց: 1986թ. կառուցված դպրոցի 1-ին մասնաշենքի հիմնանորոգումն իրականացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ համայնքի համաֆինանսավորմամբ: Դպրոցին տրամադրվել են համակարգիչներ եւ լաբորատոր սարքավորումներ:Էջմիածնի վարչական տարածքում ՀՀ նախագահն այցելել է «Ամստեր ֆլաուերս» եւ «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություններ, շրջել է սնկի արտադրամասի ընդլայնման նպատակով կառուցվող տարածքում եւ նորակառույց ջերմոցային տնտեսությունում: «Ամստեր ֆլաուերս» ընկերության կողմից նախաձեռնած ջերմոցի կառուցման աշխատանքներն արդեն ավարտված են եւ առաջին արտադրանքի թողարկումը նախատեսվում է ս.թ. հունվարի 20-ից: «Բիգա» ընկերությունը սնկի արտադրության երկրորդ գործարանի շինարարությունն սկսել է ս.թ. հունվարից, որը նախատեսում է ավարտել սեպտեմբերին: Tweet Դիտում՝ 2500