Ցորենի ու գարու բերքը նախորդ տարվա համեմատ աճել է 30%-ով, պտուղներինն ու հատապտուղներինը՝ 82.6%-ով

23.12.2011 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ասել է, որ 2011-ը գյուղատնտեսության եւ գյուղացու կողմից պետության հանդեպ վստահության վերականգման տարի էր, իսկ 2012-ը կլինի ոլորտի զարգացման տարի:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախարարն ասել է, որ ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին գյուղատնտեսությունում արձանագրված երկնիշ աճը (14%) կպահպանվի նաեւ տարվա արդյունքներով:

Նախարարն ասել է, որ 2011թ. հունվար-նոյեմբերին ցորենի եւ գարու բերքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 30%-ով եւ կազմել 392.5  հազ.  տոննա: Ցորենի արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա  ցուցանիշը 20.9%-ով, գարիինը՝ 43.9%ով, իսկ բերքատվության աճը կազմել է, համապատասխանաբար, 35% եւ 29.6%:

«Ընթացիկ  տարվա  սեպտեմբերին Ռուսաստանից ՀՀ է ներմուծվել շուրջ 1150 տոննա էլիտային վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու, եւ աշնանը ցորենի  ցանքի տակ է դրվել 90.12  հազ. հեկտար,  որը գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը 17.1 հազ. հեկտարով»,- ասել է նախարարը:

Բուսաբուծական հիմնական մթերքների արտադրության ծավալները 2011թ. հունվար-նոյեմբերին աճել են միջինը 30%-ով: Մասնավորապես, կարտոֆիլի արտադրությունն աճել է 13.8%-ով, իսկ պտուղների եւ հատապտուղների արտադրությունը՝ 82.6%-ով:

Նախարարը փոքր աճ է մատնանշել նաեւ անասնապահության ոլորտում (մսի եւ կաթի արտադրությունը աճել է, համապատասխանաբար, 2.2% եւ 1.5%-ով), հավելելով, որ ոլորտի խթանման համար նախարարությունը միջոցառումներ է ձեռնարկելու արհեստական  սերմնավորման եւ անասնաբուժական համակարգի կատարելագործման ուղղությամբ:

Նախարարը բարձր գնահատական է տվել նաեւ վերամշակող ընկերությունների կողմից գյուղմթերքի մթերման գործընթացին: 2011թ. վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 51 հազ. տոննա բանջարեղեն, 14.3 հազ. տոննա պտուղ, ինչը գերազանցում է նախորդ տարվա մթերումների ծավալները, համապատասխանաբար, 1.7 եւ 3.9 անգամ:

Պտուղ-բանջարեղենի մթերումների դիմաց վճարումները այս պահի դրությամբ կազմել են 98.7%, իսկ խաղողինը` 98.8% տոկոս: Նախարարը կարծիք է հայտնել, որ մինչեւ տարեվերջ վճարումները կկատարվեն ամբողջությամբ:

Սերգո Կարապետյանը նշել է նաեւ ագրոտեխնիկայի արդիականացման անհրաժեշտությունը, ասելով, որ նախարարությունը բանակցում է ռուսաստանյան արտադրողների եւ Ռոսագրոլիզինգ ընկերության հետ՝ Հայաստանում ագրոտեխնիկան մատչելի պայմաններով կոոպերացիաներին հասանելի դարձնելու նպատակով:

Անդրադառնալով երեկ  կառավարության կողմից գյուղատնտեսության  նախարարությանը հատկացված 1 մլրդ  դրամի սուբսիդիային՝ նախարարն ասել է, որ 2012-ին գյուղացին 1 պարկ պարարտանյութի դիմաց կվճարի 6000 դրամ՝ շուկայական 8000 դրամի փոխարեն:

Սերգո Կարապետյանը տեղեկացրել է նաեւ, որ հաջորդ տարի շարունակվելու է գյուղվարկերի սուբսիդավորման պետական ծրագիրը, որից, ըստ նախարարի, այս տարի օգտվել են 23 հազ. գյուղտնտեսություններ:   

Դիտում՝ 2533
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW