ՀԷՑ-ի իրացումն ավելացել է գրեթե 10%-ով

22.12.2011 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2011-ին Հայաստանում էլեկտրաէներգիայի իրացման աճը կազմել է 9.6%, այսօր ասել է Հայաստանի էլեկտրական ցանցերի /ՀԷՑ/ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Եվգենի Բիբինն ասել է, որ իրացման առավել մեծ աճ է արձանագրվել միջին եւ փոքր բիզնեսի (16-17%), բնակչության (12.6%) շրջանում, իսկ ընկերության նոր սպառողների թիվը 2011-ին կազմել է 2432: Սպասվում է, որ ընթացիկ տարում ՀԷՑ-ի շահույթը կկազմի շուրջ 2,5 մլրդ դրամ:

“Մեր կանխատեսումներով, 2012-ին էլեկտրաէներգիայի սպառման աճը կկազմի 10%, իսկ “Նաիրիտի” եւ Վանաձորի “Քիմպրոմ” քիմիական գործարանների գործարկման դեպքում սպառման աճը կկազմի շուրջ 14%”, - ասել է Եվգենի Բիբինը:

Նրա խոսքերով, Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումն արդեն գերազանցել է 2007-2008թթ. մինչճգնաժամային մակարդակը, ընդ որում` հաշվի չառնելով “Նաիրիտը” եւ Վանաձորի “Քիմպրոմը”, որոնք աշխատում էին մինչեւ ճգնաժամը:
 
“Արդյունաբերական ձեռնարկությունների գործարկումը սկզբունքային նշանակություն ունի մեզ համար: Եթե 20 տարի առաջ բնակչության չափաբաժինը էլեկտրաէներգիայի սպառման ցուցանիշում կազմում էր 6-8%, ապա այսօր դրա տեսակարար կշիռը հասնում է մինչեւ 40%-ի, իսկ արդյունաբերական ոլորտը սպառում է արտադրվող էներգիայի 20%-ը”,- նշել է Եվգենի Բիբինը:

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ 2012-ի սկզբին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի եւ հարեւան երկրներ տանող հաղորդալարերի շինարարությունից հետո ընկերությունը մտադիր է ակտիվացնել էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան եւ Իրան:

ՀԷՑ-ի ներդրումների ծավալը 2011-ին կազմել է 19 մլրդ դրամ: 2010-ին ներդրումները կազմել էին 34 մլրդ դրամ: Ներդրումների ծավալի նվազեցումը, ընկերության ղեկավարի խոսքերով, պայմանավորված է $180 մլն (69 մլրդ դրամ) փոխառու վարկերի մարման անհրաժեշտությամբ: “Առաջիկա 2-3 տարում նախատեսվում է ընկերության ամենամյա ներդրումների ծավալը դարձնել 7 մլրդ դրամ, որից 3 մլրդ-ը կուղղվի նոր սպառողների միացմանը”,- ասել է Եվգենի Բիբինը:

Դիտում՝ 4490
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW