Կոնվերս բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին- Հայաստանի բանկերից շատերն այս տարի հայտարարել են ռազմավարական փոփոխությունների մասին: Կոնվերս բանկը, լինելով ոլորտի խոշոր խաղացողներից մեկը, սովորաբար իրեն զուսպ է դրսեւորում, սակայն վերջերս նկատելի են դարձել փոփոխությունները բանկի արտաքին ոճում: Նշանակո՞ւմ է դա արդյոք նոր ռազմավարություն:- Այսօր Հայաստանում գործող 21 բանկը չափազանց շատ է, հետեւաբար հաճախ բանկերն իրար նույնիսկ խանգարում են: Գնահատելով այդ մրցակցությունը եւ Հայաստանում հաճախորդների սահմանափակ թիվը՝ մենք գիտակցում ենք, որ ագրեսիվ զարգացումն այլընտրանք չունի: Հաջորդ տարիների մեր ռազմավարությունն ագրեսիվ աճն է` մեր «Բոլորի համար» կարգախոսին համապատասխան: Հատկապես շեշտադրվելու են մանրածախ բանկային ծառայությունները: Դա նշանակում է Հայաստանի բոլոր մարզերում մասնաճյուղային ցանցի ընդլայնում եւ հասանելիություն յուրաքանչյուր քաղաքացու համար: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս սուր մրցակցության պայմաններում մեր առաջարկած ծառայությունները լինեն մրցունակ, իսկ ծառայությունների որակը՝ բարձր: Ընդ որում, չի բացառվում նաեւ բանկի ոչ օրգանական ընդլայնումը՝ այլ ֆինանսական կառույցի ձեռքբերման միջոցով: Ներկայումս մենք իրականացնում ենք իմիջային փոփոխություններ, առաջիկայում բանկի բոլոր մասնաճյուղերը կվերափոխվեն այնպես, որ հաճախորդը տարբերություն չի զգա դրանց միջեւ : Ամենուրեք պետք է գործեն որակի միեւնույն չափանիշները: - Չնայած Հայաստանի բանկային համակարգում խոշոր միջազգային խաղացողների առկայության, կան փոքր բանկեր, որոնք կարողանում են աշխատել շահույթով եւ առողջ ցուցանիշներ արձանագրել: Ինչպե՞ս դա կբացատրեք: - Սովորաբար այդ փոքր բանկերն ընտրում են իրենց թիրախային խումբը, ընդհուպ մինչեւ բաժնետիրոջ հետ փոխկապակցված ընկերությունների հետ աշխատելը, որտեղ, կարծես, իրենց վատ չեն զգում: Սակայն կարծում եմ, որ վաղ թե ուշ սեփականատերերին այլեւս հետաքրքիր չի լինի պահել այդ փոքր բանկերն իրենց փոքր շահութաբերությամբ: Նրանցից շատերի ROE-ն (սեփական կապիտալի եկամտաբերությունը; հաշվարկվում է հետեւյալ ճանապարհով. զուտ շահույթ/սեփական կապիտալ * 100%) բավականին ցածր մակարդակի վրա է: Այսօր ներդրողի համար բացարձակապես հետաքրքիր չի պահել բանկ, որն ունի 10%-ից ցածր եկամտաբերություն, քանի որ այդ նույն գումարները կարելի է ավանդադնել բանկում եւ ստանալ նույն եկամտաբերությունը: Երկար այդպես շարունակվել չի կարող: - Հայաստանի բանկային համակարգն այս տարվա առաջին երեք եռամսյակներում դինամիկ աճ է արձանագրել: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ համակարգը լիովին հաղթահարել է ճգնաժամի հետեւանքները եւ մտել է ակտիվ զարգացման փուլ: Մյուս կողմից, Հայաստանի վրա “կախվել է” ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիքի վտանգը: Որքանո՞վ ենք մենք այս անգամ պատրաստված դիմակայելու արտաքին ցնցումներին:- Եթե ավելի խորը ուսումնասիրենք հաճախորդների ֆինանսատնտեսական ցուցանիշները, կտեսնենք, որ ճգնաժամի արդյունքները դեռ ամբողջովին չեն վերացել: Եվ եթե ճգնաժամը հարվածի Հայաստանին եւս մեկ անգամ, ինչը բոլոր վերլուծաբանների կարծիքով անխուսափելի է, թերեւս բանկային համակարգը կկարողանա դրան դիմակայել: Ավելի բարդ կլինի այլ շուկաների հետ քիչ թե շատ ինտեգրված եւ/կամ տրանսֆերտներից «սնվող» տնտեսվարող սուբյեկտների դրությունը, ինչն էլ իր հերթին բացասաբար կանդրադառնա վարկերի վերադարձելիության վրա: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ընթացող գործընթացները չեն կարող չազդել դոլարի ու եվրոյի վրա, իսկ հաշվի առնելով մեր տնտեսության դոլարիզացիան՝ դա առավել վտանգավոր է: Բանկերի վարկային պորտֆելները Հայաստանում 70%-ով դոլարային են: Ստանալ եկամուտներ դրամով եւ վերցնել դոլարային վարկ՝ նշանակում է ընկնել արտարժութային ռիսկի տակ: Մնում է հուսալ, որ այդ նոր ալիքը Հայաստանին քիչ կվնասի: Ամեն դեպքում, մեր ռազմավարական ծրագիրը կազմելիս՝ մենք պլանավորել ենք բավականին կայուն ազգային արժույթ:- Չի՞ ստեղծում դա արդյոք Հայաստանում հեջֆոնդերի ձեւավորման նախադրյալներ:- Կարծում եմ, դրա նախադրյալները կան դեռ վաղուց: Մի կողմ դնենք հեջֆոնդերը. մեզ մոտ դեռեւս չի ձեւավորվել ածանցյալ արժեթղթերի շուկա: Եթե այսօր ունենայինք ֆյուչերսների եւ օպցիոնների շուկաներ, կկարողանայինք այդ ռիսկերն ինչ-որ կերպ ծածկել: - Դուք Սլավոնական համալսարանում դասավանդում եք «Արժեթղթերի շուկա» առարկան: Կցանկանայինք լսել ձեր գնահատականները թե որպես թողարկող բանկի ղեկավար, թե որպես ոլորտի մասնագետ. ի՞նչ կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարներ ունի Հայաստանի կապիտալի շուկան եւ, ի վերջո, ինչո՞ւ այն չի զարգանում: - Կան մի քանի պատճառներ. ԽՍՀՄ ժամանակաշրջանից մնացած վատ հիշողությունները, գիտելիքների պակասը, մենթալիտետը եւ ամենացավալին` Հայաստանում տեղի ունեցած սեփականաշնորհումը, որը ընթացավ հնարավոր ամենասխալ ճանապարհով: Արդյունքում ունեցանք սեփականաշնորհված եւ թալանված ձեռնարկություններ, որոնք գնահատվել եւ վաճառվել են անհասկանալի կերպով: Հետո ստեղծվեց Արժեթղթերի հանձնաժողովը, որը նորաստեղծ բաժնետիրական ընկերությունների համար դրեց այնպիսի խիստ պահանջներ, որ բաց բաժնետիրական ընկերությունները նախընտրեցին դառնալ փակ: 1997-98թթ. կային 1400 բաց բաժնետիրական ընկերություններ, իսկ այսօր դրանք կարելի է մատերի վրա հաշվել: Այսօր շատ քիչ ընկերություններ կան, որոնք ուզում են գնալ IPO-ի: Կարծում եմ, այս ոլորտում որոշակի ապագա ունի հենց բանկային համակարգը, քանի որ սուր մրցակցության պայմաններում բանկերը պետք է գնան խոշորացման: Մենք թողարկել էինք կորպորատիվ պարտատոմսեր եւ մտադրված էինք իրականացնել 4 տեղաբաշխում, սակայն առաջինից հետո հասկացանք, որ հաջորդները տեղաբաշխելն անհնար է: Արտարժույթի թռիչքից հետո մարդիկ այլեւս չէին կատարում ներդրումներ դրամով: Այսօր տեղաբաշխումը քիչ թե շատ հնարավոր է իրականացնել կարճաժամկետ թողարկումների դեպքում, իսկ մեր պարտատոմսերը թողարկվել են 3 տարով: Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ապահովումն այսօր անհնար է տնտեսության դոլարիզացիան եւ ազգային արժույթի նկատմամբ երկարաժամկետ վստահության բացակայության պատճառով: Հուսով եմ, մոտակա տարիներին մարդկանց մոտ կվերադառնա վստահությունն ազգային արժույթի հանդեպ, եւ տնտեսության դոլարիզացիան մակարդակը կնվազի: - Կոնվերս բանկը մասնակցում է պետական աջակցությամբ գյուղատնտեսական վարկերի ծրագրին: Ինչպե՞ս եք այն գնահատում:- Թիվ մեկ համաշխարհային խնդիրը, որը բարձրացվում է վերլուծաբանների կողմից, պարենային ապահովությունն է: Մոլորակի բնակչությունը շեշտակի աճում է, եւ մի քանի տասնյակ տարիներ անց բնակչությանը պարենով ապահովելը դառնալու է բոլորի թիվ մեկ խնդիրը: Ըստ այդմ, բոլոր երկրները պետք է առաջին հերթին մտածեն պարենային ապահովության մասին: Հայաստանի պես երկիրը գոնե ցորեն ու միս ներկրելու կարիք չպետք է ունենա: Կարծում եմ, մեր պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի Հայաստանն առնվազն ցորենով եւ մսով ապահովելը: Սա այն հարցն է, որի լուծման համար պետք չեն տասնամյակներ, դա, իմ կարծիքով, կարելի է անել շատ արագ: Պետք է ասեմ, որ գյուղատնտեսության վարկավորումը բիզնեսի տեսանկյունից բավականին շահավետ է, պարզապես մի քիչ ավելի ժամանակատար ոլորտ է: Բանկի ռազմավարական ծրագրում մենք շատ մեծ տեղ ենք տալիս գյուղատնտեսության ֆինանսավորմանը: Եթե հիմա գյուղատնտեսության վարկավորումը մեր պորտֆելում կազմում է շուրջ 5%, առաջիկա 3 տարիների ընթացքում այն նախատեսվում է հասցնել 10%-ի:Պետական ծրագիրը բավականին շահավետ էր մեր համար, թեեւ մենք դրան միացանք համեմատաբար ուշ: Դրանից զատ մենք գյուղատնտեսությունը ֆինանսավորում ենք բազմաթիվ միջազգային ծրագրերի շրջանակում եւ սեփական միջոցների հաշվին: Ընդ որում, բավականին լավ տոկոսադրույքներով` տարեկան 12%-ից մինչեւ 16%: Այդ վարկերը հիմնականում չեն գերազանցում 3 մլն դրամը: Վերադարձելիությունն էլ այստեղ բավականին լավն է: - Դուք վերջերս եք վերադարձել Լոս-Անջելեսում կայացած առաջին ներդրումային բանկային համաժողովից. ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները: - Համաժողովը բավականին արդյունավետ անցավ, մասնակցեց շուրջ 400 հոգի: Հետաքրքիրն այն էր, որ Լոս-Անջելեսի հայազգի բազմաթիվ գործարարներ անկեղծորեն զարմացան Կենտրոնական բանկի եւ Բանկերի միության ներկայացումների վրա, որոնց շնորհիվ նրանք բացահայտեցին իրենց համար Հայաստանի բանկային համակարգը որպես զարգացած եւ կայուն: Կարծում եմ, մեզ հաջողվեց ամերիկացի մեր հայրենակիցներին հասցնել այն ուղերձը, որ Հայաստանը ներդրումների համար արժանի պետություն է, իսկ բանկային համակարգը լավ զարգացած է եւ կայուն: Tweet Դիտում՝ 4213