Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն ավարտել է նախապատրաստական աշխատանքը, որն անհրաժեշտ էր Եվրոպական Միության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի բանակցությունները սկսելու համար:Այս մասին ասել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը:«Դեկտեմբերի 15-ին պետք է հայտարարենք, որ պատրաստ ենք սկսել բանակցությունները», - ասել է նա Հ1-ին տված հարցազրույցում:Եվրամիության հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագիրն իր մեջ ներառում է նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը: Ստորագրվելու է մեկ փաստաթուղթ` բաղկացած երկու մասից` քաղաքական եւ տնտեսական:«Ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունները ենթադրում են բազմաբնույթ բարեփոխումներ մեր տնտեսական քաղաքականության մեջ: Օրինակ, ԵՄ երկրների խանութներում մտավոր սեփականություն հանդիսացող CD-ն կամ DVD-ն արժեն առնվազն 15-20 եվրո, եւ ոչ թե 2-3, ինչպես այսօր Հայաստանում: Իհարկե, ԵՄ երկրներում եւս կարող եք գտնել նման ապրանք, սակայն ոչ թե խանութներում, այլ տոնավաճառներում կամ նման այլ վայրերում: Նման խնդիրների առկայության պարագայում ԵՄ-ն խնդիր է դնում հավասարեցնել կամ գոնե նվազագույնի հասցնել տարբերությունները մեր ու եվրոպական տնտեսական պայմանների, հարկային ու մաքսային ռեժիմների միջեւ: Կարծում եմ, բուն բանակցային գործընթացը կարող է տեւել ավելի կարճ, քան այս նախապատրաստական աշխատանքը», - ասել էր Ավետ Ադոնցը ս.թ. օգոստոսին Մեդիամաքս-ին տված բացառիկ հարցազրույցում: Tweet Դիտում՝ 4772