Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկի դուստր «Փոքր եւ Միջին բիզնեսների վարկավորման աջակցություն» ՓԲԸ-ն €2 մլն-ի ներդրում է կատարել Հարավարեւելյան Եվրոպայի Եվրոպական ֆոնդի (ՀԵԵՖ) կողմից ստեղծված «ՀՀ դրամով ֆինանսական պատուհան»-ում, որի նպատակն է Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկությունների հայկական արժույթով վարկավորման խթանումը: Ստեղծված ֆինանսական գործիքը հնարավորություն է տալիս միջազգային դոնոր կազմակերպություններից ֆոնդի միջոցով ներդրումներ անել ՀՀ ֆինանսական ինստիտուտներում, իսկ տեղական ֆինանսական ինստիտուտներին՝ միջոցներ ներգրավել ՀԵԵՖ-ից ՓՄՁ զարգացման համար, նշել են ԿԲ-ում: «Կենտրոնական բանկի դուստր կառույցի կատարած ներդրումը ֆոնդի կապիտալում հնարավորություններ է ընձեռում Հայաստանի ֆինանսական ինստիտուտներին լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել միջազգային աղբյուրներից: Հայկական երկու բանկեր` Կոնվերս Բանկն ու Արարատբանկը, արդեն իսկ միջոցներ են ներգրավել ֆոնդից փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով, եւ ակնկալվում է, որ նորաստեղծ գործիքի շնորհիվ համագործակցող ֆինանսական ինստիտուտների թիվը կավելանա»,- ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:«Փոքր եւ միջին բիզնեսների վարկային օժանդակություն» ՓԲԸ-ն ստեղծվել է ԿԲ-ի կողմից անցած տարեվերջին միջազգային մասնագիտացված ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության միջոցով փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը խթանելու նպատակով: Tweet Դիտում՝ 2129