NASDAQ OMX միջազգային բորսայական օպերատորի մուտքը հայաստանյան շուկա շատերի մոտ հույսեր արթնացրեց, որ դրա շնորհիվ Հայաստանի տնտեսության բարելավման եւ քաղաքական կամ հայրենասիրական շարժառիթներից զուրկ ներդրումների ներգրավման գործընթացը կդառնա ավելի պարզ եւ արագ: Միաժամանակ, քչերին էր հետաքրքրում այն փաստը, որ բորսան ինքնին տնտեսության արդիականացման եւ զարգացման վերջին կետերից է, քանի որ կապիտալի շուկա մուտք են գործում արդեն իսկ խոշոր եւ հաջողակ ընկերություններ` ավելի շատ ներդրումներ ներգրավելու նպատակով:Այդուհանդերձ, NASDAQ OMX Հայաստան-ի մենեջմենթն ու բաժնետերերը գիտակցում են, որ ներմուծումից կախվածություն ունեցող եւ աճի օբյեկտիվ սահմանափակումներով հայկական փոքր տնտեսությունն ի վիճակի չէ ինքնուրույն ստեղծել ագրեսիվորեն աճող ընկերություններ, որոնք կարող են ներկայանալ միջազգային ասպարեզում: Այդ պատճառով բորսան իր հնարավորությունների սահմաններում փորձում է կապիտալի շուկա ներգրավել հեռանկարային ձեռնարկություններ եւ նպաստել ֆոնդային շուկայի զարգացմանը:Բորսայի ծրագրերի եւ հայաստանյան կապիտալի շուկայի հեռանկարների մասին Մեդիամաքսի եւ Banks.am-ի հետ հարցազրույցում պատմել է NASDAQ OMX Հայաստան-ի նորանշանակ գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:- Առաջին հարցը Ձեզ, որպես նախկին ներդրումային բանկիրի. ին՞չ է կատարվում դրամի հետ:- Ասեմ անկեղծ՝ արժույթն ինձ երբեք չի հետաքրքրել: Նույնիսկ աշխատելով ներդրումային բանկում` ես երբեք տեղյակ չեմ եղել ընթացիկ փոխարժեքին, քանի որ չեմ կարծում, որ աննշան տատանումները որեւիցե կերպ կապված են իրական տնտեսության հետ: Փոխարժեքն ապրում է պահանջարկի եւ առաջարկի վրա հիմնած իր կյանքով: Ես չեմ հետեւում եւ չեմ էլ փորձում վերլուծել: Դա թե իմ անձնական, թե որպես բորսայի գլխավոր տնօրենի կարծիքն է: Ինձ ավելի շատ է հետաքրքրում շուկայի ակտիվությունը եւ գործարքների ծավալը:- Բայց չէ՞ որ հայաստանյան կապիտալի շուկայի “լճացումն” իր գագաթնակետին հասավ հենց 2009-ի մարտի 3-ից հետո, երբ դրամն անկում ապրեց:- Ազգային արժույթի արժեզրկման եւ կորպորատիվ պարտքի շուկայում լճացման միջեւ կապն ուղղակի համեմատական չէ: Ճգնաժամի եւ պետական պարտատոմսերի եկամտաբերության աճի հետեւանքով ներդրողները սկսեցին դիտարկել դրանք որպես կորպորատիվ պարտքի այլընտրանք: Նման պայմաններում կորպորատիվ արժեթուղթը պետք է ավելի թանկ արժենա: Ներկայումս բանկերն ուզում են տեսնել դրամային պարտատոմսերի տարեկան 18-20% տոկոսադրույք: Այն ընկերության համար, որն ի վիճակի է նման ձեւով միջոցներ ներգրավել, ավելի շահավետ կլինի դոլարային բանկային վարկ վերցնել 9-10% տոկոսադրույքով: Որպես հետեւանք, շուկայի բոլոր մասնակիցներն ակնկալում են արտարժույթով ներկայացրած գործիքներ:- Պատրաստվու՞մ եք Կենտրոնական բանկում զբաղվել այս գաղափարի լոբբինգով:- Այն, ինչ պահանջում է շուկան, պետք է լոբբինգ անել: Ես հասկանում եմ, որ շուկայի պահանջարկը շատ հաճախ կարող է ձեւավորվել կարգավորողների մոտեցումներին հակառակ: Հարկավոր է բարձրացնել այս հարցը, եւ մենք կանենք դա: Ժամանակը ցույց է տալիս, որ շուկայում պահանջված գաղափարներն ու նախագծերը հիմնականում կյանքի են կոչվում:- Դուք հարուստ փորձ ունեք ներդրումային բանկային համակարգում: Ի՞նչ եք ձեզ բերում բորսա:- Այսուհետ մենք պետք է ավելի մեծ բիզնես-ուղղվածություն ունենանք, ավելի մոտ լինենք հաճախորդին: Մենք պետք է ընդլայնենք մեր ծառայությունների շարքը եւ բարձրացնենք սպասարկման մակարդակը: Ֆինանսական կայունության տեսակետից բորսայում հիմա ամենալավ ժամանակները չեն, այդ պատճառով էլ մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք լրացուցիչ եկամուտներին, որոնք հնարավոր կլինի ապահովել միայն նոր եւ որակյալ ծառայությունների շնորհիվ:- Բորսային կողքից նայելիս` Ձեր կարծիքով, կառավարման ի՞նչ բացթողումեր կային:- Բորսային կողքից նայելիս տպավորություն էր ստեղծվում, որ այն Կենտրոնական բանկի հետ սերտաճած կառույց է, եւ շատ որոշումներ հաճախ կայացվել են զուտ վարչական կարգով եւ կարգավորողի ազդեցության ներքո: Շուկայի մասնակիցներն այնքան էլ դրական չեն վերաբերվում այս հանգամանքին, քանի որ նրանք ուզում են ինքնություն որոշումներ կայացնել:Մենք այս հարցի լուծմանը կմոտենանք հենց այս տեսանկյունից. կփորձենք ավելի սերտ կապեր հաստատել շուկայի մասնակիցների հետ եւ, նախօրոք ստանալով ԿԲ-ի աջակցությունը, առաջ տանել այն նախագծերը, որոնք մենք պլանավորում ենք իրականացնել: Իսկ այդպիսի նախագծերը շատ են:- Ձեր կարծիքով, ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանի բաժնետոմսերի շուկան: - Երբ ես որոշեցի ստանձնել բորսայի ղեկավարի պաշտոնը, հասկանում էի, որ այն որոշ չափով պետք է իր վրա վերցնի բաժնետոմսերի շուկայի ակտիվացման գործառույթը, թեեւ դա կապ չունի մեր անմիջական գործառույթների հետ: Այնուհանդերձ, մենք ակտիվ բանակցություններ ենք վարում հավանական թողարկողների հետ, եւ կարծում եմ, որ միջնաժամկետ հեռանկարում մի շարք IPO-ների վկա կդառնանք: Այդ նպատակով թե մենք, թե պետական կառույցները պետք է ագրեսիվ քաղաքականություն վարենք: Սակայն հարկ է նշել, որ շուկային խթաններ ենք հարկավոր: Կառավարությունը ստեղծել է այնպիսի խթան, որի համաձայն, ցուցակված անցած եւ որոշակի չափանիշներին համապատասխանող ընկերությունները (կապիտալի առնվազն 20%-ը պետք է պատկանի մինորիտարներին, իսկ բաժնետերերի թիվը պետք է լինի 100-ից ոչ պակաս) կստանան արտոնություններ, այսինքն` շահութահարկի նվազեցում 50%-ով: Սա աննախադեպ քայլ է, որին դեռ մի քանի տարի առաջ դիմել էր մեր կառավարությունը, եւ տարօրինակ է, որ մինչ օրս այդ չափանիշներին համապատասխանում է միայն մեկ ընկերություն` “Արփա-Սեւան” ԲԲԸ-ն:- Ինչու՞մ է խնդիրը: Ստվերային շրջանառություն պահելու նախապատվությու՞նը:- Խնդիրը ոչ այնքան ստվերային շրջանառությունների մեջ է, որքան մտածելակերպի եւ կորպորատիվ կառավարման սկզբունքները մերժելու:Մարդկանց հարկավոր է բացատրել, որ վաղ թե ուշ ստվերային տնտեսությունը կնվազի, այն արդեն այսօր նվազում է, բարելավվում է հարկային վարչարարությունը, բիզնեսը սկսում է ավելի բաց գործել: Հաջորդ պատնեշը` կորպորատիվ կառավարման սկզբունքներն են: Դա որոշակի պատասխանատվություն է, որը մարդիկ ուղղակիորեն չեն ուզում ստանձնել:Դրա համար էլ մենք կբացատրենք այդ շուկայի առավելությունները, կներգրավվենք այնտեղ, իսկ այնուհետ գովազդային արշավների օգնությամբ կխթանենք տեղական եւ օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի այդ ձեռնարկությունների բաժնետոմսեր: Չեմ կարծում, որ 2-3 տարի անց մենք կունենանք բաժնետոմսերի լիկվիդային շուկա, սակայն այն պետք է առնվազն այնպիսին լինի, որտեղ հնարավոր է ներդրումներ իրականացնել:Հայաստանյան շուկայում հաջող թողարկման դասական օրինակ է Արցախ ՀԷԿ-ը: Եթե ընկերությունն ինքնուրույն է նախաձեռնել առաջին եւ երկրորդ տեղաբաշխումները եւ դժվարությամբ իրականացրել դրանք, ապա երրորդ տեղաբաշխումն իրականացվել է ընկերության բաժնետոմսերի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ներդրողների նախաձեռնությամբ: Հարկ է նշել նաեւ Արարատբանկը, որն իր բաժնետոմսերը թողարկել է ազատ շրջանառության մեջ ոչ այնքան միջոցներ ներգրավելու, որքան երկարաժամկետ ռազմավարական նպատակներ հետապնդելու եւ բանկի հեղինակությունն ամրապնդելու նպատակով:- Ինչպիսի՞ ներուժ ունի բաժնետոմսերի հայաստանյան շուկան: Կարծիք կա, որ այն սահմանափակ է այնքանով, որքանով սահմանափակ են հայաստանյան տնտեսության հեռանկարները:- Իսկապես, մեր շուկայի աճի հնարավորությունները սահմանափակ են: Մենք շատ ծախսեր ունենք տարբեր ոլորտներում, որոնք սահմանափակում են մրցակցային առավելությունները:Վերցնենք սննդամթերքը: Այո, հայաստանյան ապրանքները պահանջարկ ունեն ռուսաստանյան շուկայում, բայց չէ՞ որ գյուղատնտեսությունը մեզ մոտ օբյեկտիվորեն սահմանափակ է, եւ նախագծերը տվյալ ոլորտում չեն կարող մասշտաբային լինել: Հետեւաբար` մեզ հարկավոր են բարձր տեխնոլոգիական արտադրություններ: Դա մեր միակ հնարավոր ճանապարհն է:- Ի՞նչ կստանան շուկայի մասնակիցները NASDAQ OMX Խմբի այլ անդամների հետ ձեր ինտեգրումից:- NASDAQ OMX Հայաստան-ի ինտեգրումը խմբի եվրոպական անդամների հետ մի կողմից նպատակ ունի հայաստանյան ընկերություններին հնարավորություն տալ բորսայի միջոցով ներգրավել օտարերկրյա ներդրումներ, մյուս կողմից` դյուրացնել հայաստանյան ներդրողների ելքն օտարերկրյա շուկաներ:- Պատմականորեն ֆոնդային շուկաների զարգացման գլխավոր խթան են հանդիսացել կառավարությունները, որոնք այնտեղ ցուցակում էին իրենց սեփական ենթակառուցվածքային խոշոր ձեռնարկությունները: Ինչու՞ մեզ մոտ չի արվում նույնը: - Ես չգիտեմ, թե ինչու մինչ օրս դա չի արվել, սակայն դա քննարկման թեմա է: Անկեղծ ասած, ինձ համար ավելի հաճելի է աշխատել մասնավոր հատվածի հետ: Ինձ համար հասկանալի են մասնավոր ձեռնարկությունների դրդապատճառները: Մասնավորի հետ մենք խոսում ենք նույն լեզվով, իսկ պետության հետ երկխոսությունն ընթանում է ուրիշ հարթությունում: Պետությունը նպատակային չի համարում ենթակառուցվածքային ձեռնարկությունների շահութաբերությունը: Պետության խնդիրը բնակչությանը հնարավոր ամենացածր սակագնով այս կամ այն ծառայությամբ ապահովելն է, իսկ շահութաբեր է դա թե ոչ՝ արդեն երկրորդական հարց է:- Բորսայական ածանցյալ գործիքների ներդրման ծրագրեր ունե՞ք:- Մենք քննարկում ենք արժութային հեջավորման գործիքների ներդրման հնարավորությունը, քանի որ դա պահանջված է:- Դուք ասացիք, որ բանակցություններ եք վարում հավանական թողարկողների հետ: Առաջիկա տարիներին տնտեսության ո՞ր ոլորտներում կարելի է IPO-ներ ակնկալել:- Դրանք կլինեն մանրածախ առեւտրով, շինարարությամբ եւ գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերություններ: Նշեմ, որ գյուղատնտեսությունը շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում, հատկապես հաշվի առնելով պետական աջակցությունը, բարձր եկամտաբերությունը եւ արտադրանքի նկատմամբ մշտական պահանջարկը:Կոնստանտին Սարոյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը: Tweet Դիտում՝ 5127