Հովարդ Դեւիսը Անգլիայի բանկի կառավարչի նախկին տեղակալն է, Sciences Po համալսարանի պրոֆեսոր:Հովարդ Դեւիս Քառորդ դար առաջ Եվրոպական միության հինգ խոշորագույն բանկերից յուրաքանչյուրի շուկայական կապիտալիզացիան գերազանցում էր ԱՄՆ ամենախոշոր բանկի կապիտալիզացիան: Այսօր ամերիկյան խոշորագույն JPMorgan Chase բանկի շուկայական կապիտալիզացիան ավելին է, քան ԵՄ-ի հինգ խոշորագույն բանկերինը միասին վերցված: Եվրահանձնաժողովը խուսափում է կոնկրետ անուններ նշելուց, սակայն կարելի է ենթադրել, որ դրանց թվում են ֆրանսիական BNP Paribas-ը, գերմանական Deutsche Bank-ը եւ իսպանական Santander-ը:Շուկայական կապիտալիզացիայի վերաբերյալ այս խոսուն փաստը բերված է բանկային կարգավորման վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցում, որը հրապարակվեց հուլիսի վերջին: Եվրահանձնաժողովը ամերիկյան ֆինանսական հատվածի նվաճումները գովաբանելու սովորություն չունի, ուստի զեկույցի նպատակը, ըստ ամենայնի, բարեփոխումներին դիմադրող ԵՄ անդամ երկրներին սթափեցնելն է:Ցուցանիշների նման կտրուկ շրջադարձը մի քանի պատճառ ունի: Ակնհայտ գործոններից մեկն այն է, որ ԱՄՆ տնտեսությունը 2008 թվականի ճգնաժամից հետո վերականգնվեց շատ ավելի արագ, քան ԵՄ տնտեսությունը՝ 2009 թվականից ի վեր Եվրոպային գերազանցելով գրեթե 20 տոկոսային կետով: Մյուս գործոնն այն է, որ ամերիկյան կապիտալի շուկաներն ավելի խորն են եւ ճկուն, ինչը ընկերություններին տրամադրում է կապիտալի լրացուցիչ աղբյուրներ եւ թույլ է տալիս բանկերին ավելի ակտիվորեն կառավարել իրենց հաշվեկշիռները: Բացի այդ, ԵՄ բանկերի ծախսերի եւ եկամուտների հարաբերակցությունը մնում է բարձր, իսկ տեղական բազմաթիվ կարգավորող նորմերը խոչընդոտում են իրական միասնական շուկայի ձեւավորմանը: UniCredit-ի եւ Commerzbank-ի միաձուլման շուրջ ընթացող խճճված «պարը» ի վերջո կարող է հաջող ավարտ ունենալ, սակայն այն, թե որքան ժամանակ պահանջվեց դրա համար, ցույց է տալիս, թե որքան բարդ է ընթանում բանկային հատվածի կոնսոլիդացիան: Մենք դեռեւս չունենք իսկապես համաեվրոպական բանկեր. թերեւս միակ բացառությունը՝ Revolut-ն է:Եվրոպական հին բանկերը հակված են իրենց խնդիրների համար մեղադրել Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից իրականացվող չափազանց պահպանողական կարգավորումը: Կան նշաններ, որ Եվրոպական հանձնաժողովը, որը շատ ավելի խոցելի է քաղաքական ճնշումների համար, քան ԵԿԲ-ն, նույնպես հակվում է այս տեսակետին: Հանձնաժողովն ավելի ու ավելի ընկալունակ է դառնում այն փաստարկի նկատմամբ, որ բանկային վարկավորման խթանման անհրաժեշտությունը (հատկապես փոքր եւ միջին ձեռնարկությունների համար) պետք է հաշվի առնվի կապիտալի նկատմամբ պահանջներ սահմանելիս: Անգլիայի բանկն այս տարվա սկզբին հայտարարել էր առաջին մակարդակի կապիտալի բազային նորմատիվի նվազեցման մասին՝ 14%-ից մինչեւ 13%: ԵԿԲ-ն, սակայն, դեռեւս պահպանում է իր «բազեական» դիրքորոշումը: ԵԿԲ բանկային վերահսկողության ղեկավար Կլաուդիա Բուխը պնդում է, որ կապիտալի խիստ կարգավորումը գործնականում չի սահմանափակել վարկավորման ընդլայնումը: Նա համամիտ է կարգավորման պարզեցման անհրաժեշտության հետ, սակայն դեմ է կապիտալի նկատմամբ պահանջների ընդհանուր նվազեցմանը: Կլաուդիա Բուխը Փոխարենը ԵԿԲ-ն շարունակում է պնդել, որ բանկերը կարող էին ավելի շատ օգնել իրենք իրենց՝ ավելի արդյունավետորեն վերահսկելով ծախսերը:Հանուն արդարության պետք է նշել, որ ԵԿԲ-ն միայնակ չէ իր դիրքորոշման մեջ: Եթե Կանադան չափավոր մեղմացրել է կապիտալի նկատմամբ պահանջները, ապա մյուս խոշոր տնտեսությունները դա չեն արել: Ավստրալիան եւ Ճապոնիան մնում են պահպանողական եւ դիմադրում են փոփոխություններին: Չինաստանի համակարգը դժվար է ուղղակիորեն համեմատել, սակայն երկրի իշխանությունները հավատարիմ են մնում ավանդական գծին՝ «Բազել պլյուս մեկ» տոկոս՝ կապիտալի պահանջների հարցում:Յուրաքանչյուր դեպքում քաղաքական եւ տնտեսական համատեքստը տարբեր է: Եվրոպան խրվել է ցածր աճի հավասարակշռության մեջ, եւ նրա առաջնորդները տենդագին ելք են փնտրում: Որքան էլ թույլ լինի այս փաստարկը, կապիտալի պահանջների նվազեցումը թեթեւացման հնարավորություն է թվում: Ըստ երեւույթին, հենց դա էլ որոշում է Եվրոպական հանձնաժողովի ներկայիս տրամաբանությունը: Ֆրիդրիխ Մերցը Լուսանկարը՝ REUTERS Այն կարող է հող նախապատրաստել աշնանը Հանձնաժողովի եւ ԵԿԲ-ի միջեւ հետաքրքիր հակամարտության համար՝ բրյուսելյան «աղավնիներն» ընդդեմ ֆրանկֆուրտյան «բազեների»: Սովորական իրավիճակում այս պայքարի ելքը հեշտ կլիներ կանխատեսել. ԵԿԲ-ն իր ձեռքում ավելի շատ հաղթաթուղթ ունի: Բայց կան նաեւ այլ հանգամանքներ, որոնք արժե հաշվի առնել: Այս հարցը կարող է ազդել այն քննարկումների վրա, թե ով կփոխարինի Քրիստին Լագարդին ԵԿԲ ղեկավարի պաշտոնում 2027 թվականին: Եթե Գերմանիայի տնտեսությունը մնա ստագնացիայի մեջ, կանցլեր Ֆրիդրիխ Մերցը լիովին կարող է բարեհաճորեն վերաբերվել մի թեկնածուի, որը ավելի քիչ է հակված կապիտալի բուֆերների պահանջների մշտական խստացմանը, քան իր հայրենակից Կլաուդիա Բուխը:Թարգմանությունը՝ Մարթա ՍեմյոնովայիԱյս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է«Յունիբանկի» գործընկերությամբ: Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաեւ imID-ի միջոցով:Copyright: Project Syndicate, 2026.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 5242