Կարեն Կարապետյանը առաջիկայում բարձրաստիճան պաշտոնի կնշանակվի ՌԴ գազաէներգետիկ համակարգում
22.11.2011 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PanArmenian Photo

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը ռուսական կողմի առաջարկությամբ առաջիկայում բարձրաստիճան պաշտոնի կնշանակվի ՌԴ գազաէներգետիկ համակարգում:
Այս մասին այսօր Մեդիամաքս-ին ասել են «Հայռուսգազարդի» մամուլի ծառայությունում` մեկնաբանելով Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետեւյալ խոսքերը.
«Մենք կոնկրետ տեղեկություն ունենք, որը ճշտում ենք, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատվել է այն պատճառով, որ «ՀայՌուսգազարդում» աշխատելու ընթացքում մեծ գումարներ է շորթել, ինչի համար ռուսները նրան չեն ներել: Եվ չի բացառվում, որ Կարեն Կարապետյանի դեմ քրեական գործ հարուցվի»:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆինանսատնտեսական գործունեությունը յուրաքանչյուր տարի պարտադիր կերպով աուդիտորական ստուգում է անցնում աշխարհի խոշորագույն հաշվապահական եւ աուդիտորական ընկերությունների քառյակի՝ «Big Four»-ի մեջ ընդգրկված միջազգային աուդիտորական ընկերությունների, մասնավորապես Ernst & Young եւ PricewaterhouseCoopers կազմակերպությունների կողմից, որոնք, ի դեպ, ընտրվում են հիմնադիրների կողմից:
Ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների ամենամյա պարբերական ստուգումներ են անցկացվում նաեւ բաժնետերերի կողմից ձեւավորված վերստուգիչ հանձնաժողովի կողմից:
Միջազգային աուդիտորական ընկերությունների կողմից ֆինանսական վիճակի վերաբերյալ տրված դրական եզրակացությունները, որոնք հավաստում են ֆինանսատնտեսական հաշվետվությունների արժանահավատությունը, ինչպես նաեւ Ընկերության ֆինանսատնտեսական հաշվետվությունները համապատասխանաբար ներկայացվում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետերերին:
Այսպիսով, Վահագն Խաչատրյանի անպատասխանատու հայտարարությունը բացարձակ հերյուրանք է: Ինչ վերաբերում վերջինիս կողմից արված «ռուսները չեն ներել» արտահայտությանը, ապա հատուկ Վ. Խաչատրյանի համար ընդգծենք, որ Կարեն Կարապետյանը ռուսական կողմի առաջարկությամբ առաջիկայում բարձրաստիճան պաշտոնի կնշանակվի ՌԴ գազաէներգետիկ համակարգում», - Մեդիամաքս-ին հայտնեցին «Հայռուսագազարդի» մամուլի ծառայությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: