Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում կներդրվի շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգ եւ կկազմակերպվի պետական վիճակախաղ:Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են ֆինանսների նախարարությունում, նախարարության եւ կանադական «Ամայա գեյմինգ գրուպ» (Amaya Gayming Group) կորպորացիայի համաձայնության արդյունքում կստեղծվի «Պետական լոտո» ՓԲԸ` 50%-50% մասնաբաժիններով, որը «Ամայա գեյմինգ գրուպ»-ի ներդրումներով կկազմակերպի վիճակախաղ: Վիճակախաղից ստացված շահույթը հավասարապես կբաշխվի Հայաստանի եւ «Ամայա գեյմինգ գրուպ»-ի միջեւ: Նախարար Վաչե Գաբրիելյանը եւ «Ամայա գեյմինգ գրուպ» (Amaya Gayming Group) կանադական կորպորացիայի նախագահ եւ գործադիր տնօրեն Դեյվիդ Բաազովը ստորագրել են նաեւ պայմանագիր, որով Հայաստանում կներդրվի շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգ:Համակարգի ներդրման նպատակն է ապահովել շահումով խաղերի եւ վիճակախաղերի ոլորտում սպառողների շահերի պաշտպանությունը, ունենալ հստակ հաշվետվողական համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել ՀՀ տարածքում շահագործվող շահումով խաղային էլեկտրոնային սարքավորումների միջոցով փողերի լվացումից, խարդախությունից, այլ տնտեսական հանցագործություններից եւ խաղային խաբեություններից: Համակարգի ներդրման համար կորպորացիան Հայաստանին անհատույց կտրամադրի սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ: Tweet Դիտում՝ 2513