Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԿԲ խորհուրդն այսօր որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: 2011 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.3% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.5 տոկոսային կետով եւ կազմել 5.7%` ընդհուպ մոտենալով 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքին: Խորհուրդն առավել հավանական է համարում, որ կանխատեսվող ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն եւ, առաջարկի կողմից շոկեր չարձանագրելու դեպքում, միջազգային ապրանքային շուկաները հիմնականում կլինեն հավասարակշռված: Այս պարագայում ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումներ չեն նկատվի: Միաժամանակ դեռեւս պահպանվում են զարգացած երկրների մակրոտնտեսական քաղաքականությունների արդյունավետության անորոշությունները: Խորհուրդը գտնում է, որ աշխատանքի շուկայի եւ համախառն պահանջարկի արձանագրված եւ սպասվող զարգացումները գնաճային միջավայրի վրա էական ճնշումներ չեն ձեւավորի: Խորհուրդն ամփոփել է, որ իրականանում են 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրերի կանխատեսումները գնաճի նվազող հետագծի եւ կանխատեսվող հորիզոնում 4%±1.5տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում ձեւավորվելու վերաբերյալ: Այս պարագայում, առաջիկա ժամանակահատվածում դրամավարկային քաղաքականության ուղղությունների փոփոխություն չի պահանջվում եւ առավել նպատակահարմար է չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը: Միաժամանակ, կախված Դրամավարկային քաղաքականության ծրագրերում նախանշված ռիսկերի դրսեւորման չափից եւ ժամկետներից, չի բացառվում դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունների ճշգրտումը: Tweet Դիտում՝ 4444