2012-ին մարդիկ Հայաստանում ապրելու են ավելի վատ, քան հիմա, կարծում է ԿԲ նախկին ղեկավարը

04.11.2011 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Նպատակ ունենալով 100 մլրդ դրամով ավելացնել հարկային  մուտքերը` կառավարությունն իր առջեւ հավակնոտ եւ դժվար լուծելի խնդիր չի դնում, այսօր ասել է ՀՀ ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը:

Նրա խոսքերով, 2012-ին պետբյուջեի 4.2% աճի պայմաններում ՀՆԱ-ն Հայաստանում  բացարձակ առումով կկազմի 11 տրլն 200 մլրդ դրամ, ինչն իր հերթին կապահովի շուրջ 60 մլրդ դրամի լրացուցիչ հարկային մուտքեր:

«Ինչ վերաբերում է մնացած 40 մլրդ-ին, ապա ակցիզային հարկերի ծրագրված բարձրացումը, առաջադիմական եկամտահարկի ներդրումը, ինչպես նաեւ շքեղության հարկը բավականին ողջամիտ քայլեր են»,- նշել է Բագրատ Ասատրյանը:

Միաժամանակ ԿԲ նախկին ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հաշվի առնելով ստվերային տնտեսության բարձր մակարդակը` Հայաստանն ունի հարկերի հավաքագրման մեծ ներուժ` որպես օրինակ բերելով Վրաստանը, որտեղ 5 տարում հաջողվել է բարձրացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 17%-ից մինչեւ 25%:

Պատասխանելով Մեդիամաքսի հարցին` Բագրատ Ասատրյանն ասել է, որ կառավարության նախաձեռնությունը ուղղված է զգալիորեն ապահովելու խոշոր բիզնեսի գործունեության թափանցիկությունը, որն էլ կնպաստի ստվերային հատվածի նվազեցմանը: Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ տնտեսության տարբեր ոլորտներում մենաշնորհային կամ գերիշխող դիրքեր ունեցող օլիգարխները հարկային բեռի աճը փոխհատուցելու են գների բարձրացմամբ, որի արդյունքում ամենից շատ կտուժի վերջնական սպառողը:

«Այս նկատառումներից ելնելով` վստահությամբ կարելի է պնդել, որ 2012-ին Հայաստանում մարդիկ, այդ թվում` քաղծառայողները, ապրելու են ավելի վատ, քան հիմա»,- ասել է Բագրատ Ասատրյանը:

Տվյալ համատեքստում նա ընդգծել է իշխանությունների կողմից արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում, ինչպես նաեւ հասարակության մեջ արդարության մթնոլորտի ապահովումը:

Դիտում՝ 4625
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW