Վարչապետը ներկայացրել է հարկային փաթեթը` հարուստներն ավելի շատ կվճարեն

01.11.2011 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է հարկային փոփոխությունների փաթեթը:

«Առաջին փոփոխությունը, որն ունի գաղափարախոսական բովանդակություն, պրոգրեսիվ սանդղակի ներդրումն է՝ եկամտահարկի մասով: Առաջարկում ենք՝ 2 միլիոն եւ ավելի ամսական եկամուտ ունեցողների համար հարկային բեռն ավելացնել 5 տոկոսով՝ այն սահմանելով 25 տոկոս:

Երկրորդ կարեւոր փոփոխությունը ենթադրում է, որ հարկային բեռն ընկնելու է թանկարժեք ալկոհոլային խմիչքների վրա: Նրանց հարկման բազան 50 տոկոսով կավելանա՝ համեմատ մատչելի ալկոհոլային խմիչքների», - ասել է վարչապետը:
Նա ասել է, որ թանկ ալկոհոլային խմիչքների տեսակարար կշիռը ընդհանուր սպառման ծավալում այսօր կազմում է 15 տոկոս:

«Հաջորդ առաջարկը շքեղության հարկն է: Առաջարկում ենք, որպեսզի թանկարժեք մեքենաների վրա, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 90 հազար դոլարը, էապես ավելացվի այսօր կիրառվող դրույքաչափը: Սա հնարավորություն կտա մոտավորապես 1 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ հավաքագրել պետական բյուջեի համար:

Քննարկման առարկա է նաեւ շահումով խաղերի եւ խաղատների ոլորտում հաստատագրված վճարների ավելացումը՝ 50 տոկոսով: Ակնկալում ենք, որ այստեղ կունենանք լրացուցիչ 2 միլիարդ դրամի եկամուտ: Բայց այս հարցն ունի նաեւ որոշակի առանձնահատկություններ, որոնք պետք է քննարկենք պատգամավորների հետ», - ասել է Տիգրան Սարգսյանը:

“Հաջորդ կարեւորագույն փոփոխությունը, որ մենք իրականացնում ենք փոքր եւ միջին բիզնեսի համար, որը մենք արմատական փոփոխություն ենք անվանում, վերաբերում է ավելացված արժեքի հարկի հաշվեգրմանը: Այսօրվա ռեժիմն այնպիսին է, որ մինչեւ 100 հազար դրամի պարագայում մենք թույլատրում ենք, որ ձեռներեցներն առանց ստուգումների հաշվանցում կատարեն: Այդ շեմը մենք դարձնում ենք 10 միլիոն դրամ: Հաշվանցումը նրանք կարող են անել առանց նախնական համաձայնություն ստանալու Պետական եկամուտների կոմիտեի կողմից, եւ սա փոքր եւ միջին բիզնեսի համար ստեղծում է բարենպաստ պայմաններ”, - ասել է վարչապետը:

Դիտում՝ 3437
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW