Երեւան/Մեդիամաքս/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ի հետ` վերջինիս Հիփոթեքային վարկերի մի մասը վերաֆինանսավորելու վերաբերյալ: Այն հաճախորդները, ում վարկը ներառվելու է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի կողմից վերաֆինանսավորվող փաթեթում, անհատապես կտեղեկացվեն այդ մասին նախօրոք: «Առաջին Հիփոթեքային Ընկերության» վարկառու հաճախորդները տվյալ գործարքի արդյունքում որեւէ նշանակալի փոփոխություն չեն նկատի, քանի որ, համաձայն հուշագրի, վերաֆինանսավորվող վարկերի փաստացի տոկոսադրույքները կմնան անփոփոխ: «Կարծում ենք, սա կարող է դառնալ միջոցների ներգրավման այլընտրանքային մի աղբյուր, որը կարող է բարելավել մեր ընկերության ֆինանսական ցուցանիշները», - ասել է Առաջին Հիփոթեքային Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Աթանեսյանը: «Ի հավելումն բանկի կողմից առաջարկվող վարկային ծառայությունների, մենք պատրաստ ենք քննարկել «Առաջին Հիփոթեքային Ընկերության»` բանկի պահանջներին համապատասխանող բոլոր վարկային հայտերի վերաֆինանսավորման հարցը», - ասել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: Tweet Դիտում՝ 6325