Երեւան/Մեդիամաքս/. ՊրոԿրեդիտ Բանկի նոր գործադիր տնօրենի պաշտոնում Բերտոլտ Հերցֆելդին փոխարինել է Ասմուս Ռոտնե: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում ներկայացնելով բանկի նորանշանակ ղեկավարին, ՊրոԿրեդիտ Բանկի խորհրդի նախագահ Քրիստոֆ Ֆրեյթագը ազդարարել է, որ նոր ղեկավարությամբ բանկը սկսում է ավելի դինամիկ եւ ագրեսիվ քաղաքականություն՝ նպատակ ունենալով դառնալ Հայաստանում փոքր բիզնեսի ֆինանսավորման առաջատարը:Քրիստոֆ Ֆրեյթագը նշել է, որ բանկի գործունեության սկիզբը Հայաստանում համընկավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, որի պատճառով բանկը 3 տարի վարում էր զգուշավոր քաղաքականություն: «Մեր հայաստանյան բանկը կարողացավ հմուտ կառավարել ճգնաժամը, եւ այժմ ժամանակն է, որպեսզի մենք փոխենք մեր ռազմավարությունը՝ դարձնելով այն ավելի ագրեսիվ եւ դինամիկ»,- ասել է Քրիստոֆ Ֆրեյթագը:Ասմուս Ռոտնեն տեղեկացրել է, որ մինչեւ 2012թ. ավարտը բանկը կհասցնի մասնաճյուղերի թիվը ներկայիս 10-ից մինչեւ 18՝ բացելով մեկ նոր մասնաճյուղ Արմավիրում եւ եւս 7-ը՝ Երեւանում: Ֆիզիկական անձ հաճախորդների ավանդային պորտֆելը բանկում մինչեւ հաջորդ տարվա ավարտը նախատեսվում է ներկայիս $21,8 մլն-ից հասցնել $39 մլն-ի, իսկ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների թիվը՝ ներկայիս 11600-ից մինչեւ 14000:Բանկի բիզնես վարկավորման պորտֆելը, Ասմուս Ռոտնեի խոսքերով, մինչեւ 2012թ. ավարտը նախատեսվում է ներկայիս $54,5 մլն-ից հասցնել $96,5 մլն-ի: Նոր ծառայությունների թվում Ասմուս Ռոտնեն նշել է նաեւ հայկական շուկայի համար աննախադեպ, 12 տարի մարման ժամկետով բիզնես-վարկերը՝ կապիտալ ներդրումների համար: Ասմուս Ռոտնեն 2002-2007թթ. աշխատել է Վրաստանի ՊրոԿրեդիտ Բանկում որպես մասնաճյուղերի ցանցի տնօրեն, այնուհետեւ՝ գլխավոր տնօրենի տեղակալ: Այնուհետեւ նշանակվել է Ռումինիայի ՊրոԿրեդիտ Բանկի գլխավոր տնօրենի տեղակալ եւ Մոլդովայի ՊրոԿրեդիտ Բանկի տնօրենների խորհրդի նախագահ: Ասմուս Ռոտնեն ծնվել է 1973թ-ին, ստացել է քաղաքագիտության բակալավրի կոչում Դանիայի Աարհուսի համալսարանում եւ երկրագիտության մագիստրոսի աստիճան ԱՄՆ Հարվարդի համալսարանում:Ամուսնացած է, ունի 2 որդի: Tweet Դիտում՝ 7431