Երեւան/Մեդիամաքս/.Ամերիա ընկերությունների խումբը ընկերություն է բացել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ameria Group Inc ընկերության բացման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին Լոս-Անջելեսում՝ ՀՀ նախագահի մասնակցությամբ:Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանն այսօր տեղեկացրել է, որ ամերիկյան գրասենյակը կներկայացնի պոտենցիալ ներդրողներին Հայաստանի ներդրումային եւ գործարար միջավայրը, ինչպես նաեւ տեղեկություններ, թե ինչպես կարող են խմբի հայաստանյան ընկերությունները օգնել ներդրողներին՝ իրենց ծրագրերի իրականացման գործում:«Ամերիա» ՓԲԸ իրավական պրակտիկայի տնօրեն Դավիթ Սարգսյանի խոսքերով, ամերիկյան գրասենյակը յուրատեսակ կամուրջ կլինի դեպի Հայաստան ամերիկյան ներդրողների եւ գործարարների համար, որը կօգնի նրանց պատշաճ կերպով տեղեկացված լինել Հայաստանի օրենսդրական դաշտի եւ ներդրումային հնարավորությունների մասին:Ամերիկյան ընկերությունը առաջարկներ է ներկայացնելու ինչպես պորտֆելային ներդրողներին, այնպես էլ ԱՄՆ տնտեսական տարբեր ճյուղերի ձեռնարկություններին: Ամերիա խմբի մեջ մտնում են «Ամերիա» ՓԲԸ խորհրդատվական եւ աուդիտորական ընկերությունը, Ամերիաբանկը, Ամերիաինվեստ ներդրումային ընկերությունը, անշարժ գույքի շուկայում ծառայություններ մատուցող «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ-ը եւ մասնավոր ներդրումային ծրագրեր իրականացնող «Ամերիա Էքվիթի Փարթներս» ընկերությունը: Tweet Դիտում՝ 5009