Հոկտեմբերի 6-ից 8-ը Երեւանում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի նախաձեռնությամբ կանցնի «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները. ենթակառուցվածք եւ կարգավորում» թեմայով միջազգային կոնֆերանսը: Այն հատկանշական է նրանով, որ հանդիսանում է ֆոնդային բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիաների տարածաշրջանային ասոցիացիաների (Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի – ԵԿԴԱ եւ ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիաների – ԱՊՀ ԲՄԱ) առաջին համատեղ միջոցառումը: Կոնֆերանսին կմասնակցեն Եվրոպայի, Ասիայի եւ ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիաների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Միջոցառման թեմատիկայի եւ ակնկալվող արդյունքների մասին Մեդիամաքս-ի եւ Banks.am-ի հետ հարցազրույցում պատմել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կարեն Զաքարյանը:- Ինչպե՞ս ծնվեց այս նախաձեռնությունը եւ ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել կոնֆերանսից:- Դուք հավանաբար տեղյակ եք, որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն անդամակցում է ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիային, իսկ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ)՝ Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիային: Պարբերաբար հանդիպելով եւ քննարկելով բորսաներին եւ կենտրոնական դեպոզիտարիաներին հուզող հարցեր՝ այս երկու տարածաշրջանային ասոցիացիաները համատեղ նախաձեռնություններ դեռեւս չեն ունեցել, եւ ես հպարտությամբ ուզում եմ նշել, որ մեզ հաջողվեց համոզել 2 տարածաշրջանային կազմակերպություններին Երեւանում անցկացնել իրենց տարեկան ժողովները եւ կազմակերպել համատեղ կոնֆերանս, որը վեր կհանի բոլոր այն խնդիրները, որոնք համատեղ հետաքրքրության առարկա են եւ համատեղ լուծում են պահանջում: Մենք կարծում ենք, որ խնդիրների համատեղ դիտարկումը եւ լուծումը մեծապես կնպաստի շուկայի ենթակառուցվածքի արդյունավետության բարձրացմանը: Խոսքը, մասնավորապես, միջազգային ինտեգրման գործընթացի մասին է: Մենք սովոր ենք նայել կապիտալի շուկային իր լոկալ հնարավորությունների շրջանակներում, այնինչ յուրաքանչյուր լոկալ շուկա, որոշակի մեխանիզմների գործադրմամբ, կարող է օգտվել լայն գլոբալ հնարավորություններից, եւ մեր կոնֆերանսը հենց այդ մասին է լինելու: - Որո՞նք են այն մեխանիզմները, որոնք կարող են դուրս հանել Հայաստանի կապիտալի շուկան իր նեղ սահմաններից եւ ինտեգրել այն գլոբալ շուկաների հետ: Առհասարակ, ի՞նչ խնդիրներ է շեշտադրելու Հայաստանը կոնֆերանսի ընթացքում: - Կապիտալի շուկաների զարգացման եւ գլոբալ շուկաների հետ ինտեգրման գործընթացի առաջին փուլը՝ այսպես կոչված քաոտիկ փուլն է, երբ ցանկացած երկրի ներդրող իր բրոքերի միջոցով կարող է ձեռք բերել արտասահմանում շրջանառվող արժեթղթեր, եւ այս գործընթացը տեղի է ունենում տարերայնորեն: Մենք կարծում ենք, որ այս գործընթացում կարող ենք մի քայլ առաջ գնալ եւ հեշտացնել արժեթղթերի միջազգային առեւտուրը տարբեր երկրների բորսաների եւ դեպոզիտարիաների սերտ համագործակցության միջոցով: Դեպոզիտարիաները, մասնավորապես, կարող են քննարկել փոխադարձ հաշիվների բացման հնարավորությունները, իսկ բորսաները՝ զուգահեռ եւ կրկնակի ցուցակումների, տվյալ շուկայում անդամների փոխներգործության հարցերը եւ այլն: - Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ նման համագործակցության կայացման արդյունքում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում ցուցակվող ընկերության բաժնետոմսերը միաժամանակ կներառվեն, ասենք, ռուսական ММВБ-ի ցուցակներում: - Միանգամայն հնարավոր է: Աշխարհում կան նման փորձեր, եւ դրանք տեխնոլոգիական, իրավական եւ քաղաքական սերտ համագործակցության արդյունք են: Կոնֆերանսի ընթացքում մենք փորձելու ենք քննարկել նաեւ այս հնարավորությունները: - Ֆոնդային շուկաների ինտեգրման հաջող փորձ ունի հենց NASDAQ OMX-ը: Չե՞ն նախատեսում արդյոք հայկական բորսան եւ դեպոզիտարիան առաջին հերթին ինտեգրվել խմբի այլ անդամների հետ, իսկ այնուհետեւ արդեն տարածել այդ փորձը խմբի անդամ չհանդիսացող բորսաների եւ դեպոզիտարիաների վրա: - Դուք ճիշտ եք, որ NASDAQ OMX-ում ինտեգրման գործընթացներն իրենցից բավականին հաջող փորձ են ներկայացնում: Մասնավորապես, բալթյան 3 երկրների բոլոր բորսաներում կա միասնական անդամակցության ընթացակարգ, երբ ներդրումային ընկերությունը կամ բանկը Տալինի, Ռիգայի կամ Վիլնիուսի բորսայի միջոցով կարող է միանգամից անդամակցել նաեւ մյուս 2 բորսաներին, իսկ դեպոզիտարիաների համագործակցության շնորհիվ երեք բորսաներում առեւտուր անող շուկայի մասնակիցների համար ստեղծվում են քլիրինգի եւ վերջնահաշվարկի բավականին հարմարավետ պայմաններ: Ինտեգրման հաջող օրինակ է նաեւ NASDAQ OMX Nordic շուկան, որտեղ համագործակցում են Շվեդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի եւ Իսլանդիայի բորսաները: Ներկայումս մենք քննարկում ենք նման համագործակցության հնարավորությունները: Ինտեգրման առաջին փուլը տեխնոլոգիականն է, որից էլ մենք սկսել ենք: Մասնավորապես, եթե ամեն ինչ հարթ ընթանա, նախատեսում ենք կորպորատիվ արժեթղթերի եւ պետական պարտատոմսերի առեւտրի հատվածը տեղափոխել NASDAQ OMX-ի կողմից այլ շուկաներում օգտագործվող առեւտրային համակարգ, ինչը տեխնոլոգիական հիմքեր կստեղծի հայկական արժեթղթերը միջազգային պլատֆորմում շրջանառելու համար: Միաժամանակ, լիարժեք արդյունքի հասնելու համար տեխնոլոգիական ինտեգրմանը թերեւս պետք է հաջորդեն կարգավորողների միջեւ համագործակցության եւ նույնիսկ միջկառավարական համաձայնագրերը: - Ինտեգրման գործընթացի առավելությունները Հայաստանի համար ակնհայտ են, իսկ ի՞նչ կարող ենք մենք առաջարկել մեր գործընկերներին, որպեսզի նրանք շահագրգռված լինեն համագործակցել հայկական կապիտալի շուկայի հետ: - Ես համոզված եմ, որ Հայաստանի կապիտալի շուկան իրացրել է իր պոտենցիալի դեռեւս միայն շատ փոքր մասը: Մենք ունենք ընկերություններ, որոնք, կապիտալի շուկա դուրս գալու դեպքում, շատ հետաքրքիր կլինեն տեղական եւ արտասահմանյան ներդրողների համար: Երբ մենք ունենանք համապատասխան տեխնոլոգիական լուծումներ, կարծում եմ, մեր թողարկողներն ավելի շատ շահագրգռված կլինեն օգտվել այդ հնարավորություններից, եւ նրանց արժեթղթերը պահանջարկ կվայելեն նաեւ եվրոպական ներդրողների շրջանում: - Բերենք մի մասնավոր օրինակ. օրերս Երեւանի քաղաքապետը մետրոպոլիտենում շրջայցից հետո փաստացի խոստովանել է, որ նոր կայարանների կառուցումը ներկայումս անիրատեսական է, քանի որ “միայն Աջափնյակ թաղամասի երկու կայարանների կառուցումը ավելի քան $200-250 մլն կարժենա»: Եթե որոշվի Երեւանի մետրոպոլիտենի IPO անցկացնել եւ ցուցակել այն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում, ի՞նչ եք կարծում, իրատեսակա՞ն է արդյոք ներգրավել անհրաժեշտ գումար:- Իհարկե: Հարկավոր է միայն գրագետ ներդումային ծրագիր կազմել եւ ներդրողներին հավատ ներշնչող փաստարկներ ներկայացնել ներդրման հուսալիության եւ եկամտաբերության վերաբերյալ: Իսկ եթե ներդրման հուսալիությունն ու եկամտաբերությունն են հարցականի տակ, արդեն իրավիճակը բարդանում է: - Այս դեպքում, ինչո՞ւ պետությունը նման քայլի չի դիմում: Պետական մասնակցությամբ մի շարք ընկերությունների բորսայական սեփականաշնորհումը ձախողվեց նրանց ներդրումների տեսանկյունից անհետաքրքիր լինելու պատճառով: Մինչդեռ, օրինակ, նույն մետրոպոլիտենի ցուցակումը կարող է մեծ դիվիդենդներ բերել... - Իսկապես, կապիտալի շուկայի զարգացման գործում պետության դերը վերջինը չէ, եւ պետությունն իր քաղաքականությամբ ու նախաձեռնություններով կարող է շեշտակիորեն արագացնել կապիտալի շուկայի զարգացման տեմպը: Կարծում եմ, իրոք կարիք կա, որպեսզի շահագրգիռ բոլոր կողմերն ավելի ակտիվ լինեն եւ ջանքեր գործադրեն առկա պոտենցիալը շոշափելի արդյունքի վերածելու համար: Tweet Դիտում՝ 7938