Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 6-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային համաժողով «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները՝ ենթակառուցվածքներ եւ կարգավորում» թեմայով: Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի մամուլի ծառայությունում, համաժողովը ֆոնդային բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիաների երկու տարածաշրջանային միությունների՝ Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի եւ ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաների ասոցիացիայի, առաջին միացյալ միջազգային համաժողովն է: Համաժողովը նախատեսում է ներգրավել ԱՊՀ երկրների եւ Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների եւ ֆոնդային բորսաների ղեկավարների եւ բարձր պաշտոնյաների, ֆինանսական ծառայությունների ոլորտի կարգավորողների ներկայացուցիչների եւ բարձր մակարդակի այլ փորձագետների: Համաժողովի ընթացքում քննարկվելու են բորսաների եւ դեպոզիտարիաների համագործակցության, արժեթղթերի շուկաների զարգացման եւ միջազգայնացման տեխնիկական, օրենսդրական եւ կարգավորման հարցերը, ինչպես նաեւ լոկալ շուկաների միջազգային շուկա մուտք գործելու հնարավորությունները: Tweet Դիտում՝ 5007