Երեւան: Մեդիամաքս: Մշակող կազմակերպությունները պատրաստ են մթերել ամբողջ գյուղմթերքը, որն այս տարի կարտադրվի Հայաստանում, այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, փոխնախարարը տեղեկացրել է, որ մթերող կազմակերպությունների բանջարեղենի պահանջարկը կազմում է 67 800 տոննա, մրգինը՝ 21 000 տոննա, իսկ խաղողինը՝ շուրջ 150 000 տոննա, ինչը, նրա գնահատմամբ, ավել է բերքի իրական ծավալներից: “Սեպտեմբերի 2-ի դրությամբ 24 վերամշակող կազմակերպություններ գյուղացիների հետ կնքել են շուրջ 8400 պայմանագիր, որոնցից 7900-ը՝ խաղողի մասով, իսկ մնացածը՝ պտուղ-բանջարեղենի”,- ասել է Ռոբերտ Մակարյանը, հավելելով, որ պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվում է, քանի որ խաղողի մասսայական մթերումը դեռեւս չի սկսվել:Սեպտեմբերի 7-ի դրությամբ մթերվել է 23 800 տոննա բանջարեղեն եւ 5700 տոննա պտուղ: Լոլիկի մթերման գինը, պաշտոնյայի խոսքերով, կազմում է 31-80 դրամ 1 կիլոգրամի դիմաց, վարունգինը՝ 120-150 դրամ, սմբուկինը՝ 30-60 դրամ, դեղձինը՝ 65-350 դրամ, ծիրանինը՝ 80-400 դրամ: Փոխնախարարը տեղեկացրել է նաեւ, որ սեպտեմբերի 7-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 9574 տոննա պտուղ եւ բանջարեղեն (անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը՝ 30%), որից 7272 տոննան՝ ծիրան: Արտահանման հիմնական երկրներն են Ռուսաստանը, Ուկրաինան եւ Վրաստանը: Արտահանման 94%-ը կատարվել է ավտոտրանսպորտով, 6%-ը՝ օդային ճանապարհով: Tweet Դիտում՝ 1993