Երեւան: Մեդիամաքս: Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%: 2011 թվականի հունիսին արձանագրվել է 1.4% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.5 տոկոսային կետով եւ կազմել 8.5%, Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ-ից: Պարենային ապրանքների գնաճի նպաստումը 12-ամսյա ցուցանիշին դեռեւս բարձր է` 7.3 տոկոսային կետ: ԿԲ Խորհուրդն արձանագրել է, որ գնաճային միջավայրի ձեւավորման վրա տնտեսության արտաքին հատվածից էական ազդակներ չկան. 2011 թվականի երկրորդ եռամսյակում միջազգային ապրանքային շուկաներում, չնայած որոշակի տատանողականությանը, արձանագրվել է գների հարաբերական կայունություն եւ ներկայումս չեզոքացել են գնաճային ճնշումները: Խորհուրդը համակարծիք է, որ տնտեսության ներքին զարգացումները եւս գնաճային միջավայր չեն ձեւավորում. աշխատանքի շուկայի եւ մասնավոր ծախսումների ազդեցությունը չեզոք է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը` զսպող: Միաժամանակ, տարեսկզբից իրականացրած դրամավարկային պայմանների խստացումը եւս շարունակում է նպաստել գնաճային միջավայրի մեղմմանը: Խորհուրդն ամփոփել է, որ համաշխարհային եւ ներքին տնտեսությունների ներկա զարգացումները, ինչպես նաեւ նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսության ճյուղում ավելի բարենպաստ պայմանները թույլ են տալիս վերահաստատել, որ ծրագրում նախանշված ռիսկերի հաշվեկշռված դրսեւորման պարագայում կանխատեսվող հորիզոնում մեծ հավանականությամբ գնաճը կձեւավորվի 4% ± 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: Tweet Դիտում՝ 5444