Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «անընդունելի» է անվանել այն երեւույթը, «երբ ձեռներեցը մեխանիզմներ է մշակում հարկերից խուսափելու համար կամ չարաշահում է իր գերակշռող դիրքը շուկաներում` գերշահույթ ստանալու համար»: «Հատկապես անհասկանալի է նման վարքը մեծ տնտեսավարողների դեպքում, որոնք առանց այդ էլ իրենց չափերի ու շրջանառության շնորհիվ առավելություն ունեն», - ասել է նախագահը` հանդես գալով Առեւտրաարդյունաբերական պալատի չորրորդ համագումարում: Սերժ Սարգսյանն ասել է, որ փոփոխությունները հարկային ու մաքսային ոլորտներում, այդ մարմինների աստիճանական անցումը սկզբունքորեն նոր աշխատաոճի, գերավճարների խնդրի լուծումը, նորարարական արտադրություն հիմնելու դեպքում շահութահարկից ազատելու պատրաստակամության մասին հայտարարությունը, ազատ տնտեսական գոտիների ստեղծման գործընթացի վկայում են, որ «կառավարությունն ակտիվացրել է գործարար միջավայրի կտրուկ բարելավմանն ու գործարարության խթանմանն ուղղված քաղաքականությունը»: Նախագահն նաեւ ասել է, որ «չնայած արտաքին տնտեսական բացասական ազդակներին, փակ սահմաններին, աշխարհաքաղաքական, սոցիալական եւ կառուցվածքային խնդիրներին, մեր տնտեսությունն ունի իր զարգացման տեմպերով աշխարհի առաջատար երկրների մեջ լինելու իրական հնարավորություն»: «Նախորդ տասնամյակի ընթացքում արձանագրված տնտեսական աճի շարունակական երկնիշ մակարդակը լավագույն վկայությունն է այն բանի, որ պարբերական համաշխարհային ճգնաժամերի միջեւ ընկած ժամանակահատվածում երկիրը, իրականացնելով նպատակային տնտեսական քաղաքականություն, ունենալով տնտեսական վերելքի հստակ նպատակադրում եւ հետեւողական առաջնորդություն, կարող է հասնել աննախադեպ արդյունքների», - ասել է Սերժ Սարգսյանը: Tweet Դիտում՝ 5568