Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում հանդիպել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջատար 12 ընկերությունների ղեկավարների հետ` առաջարկելով նրանց մասնակցել ոլորտի հարկմանը վերաբերող նոր օրենսդրության մշակմանը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հանդիպումից հետո զրուցելով լրագրողների հետ` ՀՀ նախագահն ասաց, որ ցանկանում էր անձամբ հավաստիացնել ընկերությունների ղեկավարներին, որ պետության կողմից ձեռնարկված ոլորտի հարկային եւ մաքսային բարեփոխումները 3 տարիների ընթացքում էապես կհեշտացնեն հանքարդյունաբերողների գործունեությունը:Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2010-ին 2009-ի հետ համեմատ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի շրջանառությունն աճել է 85 մլրդ դրամով, իսկ հարկային մուտքերը 7.9 մլրդ դրամից հասել են 16.9 մլրդ-ի: Ըստ նրա, հանքարդյունաբերության հարկման վերաբերյալ նոր օրենսդրության շնորհիվ ակնկալվում է, որ ոլորտի հարկման ծավալները կավելանան 2-2.5 անգամ:“Վալլեքս” խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի խոսքերով, ընկերությունների խումբը սեփական փորձի վրա է զգում հարկային եւ մաքսային ոլորտում դրական փոփոխությունները: “1997-ից ի վեր մենք խնդիրներ ունեինք ավելացված արժեքի հարկի գծով գերավճարների ոչ ժամանակին վերադարձնելու հետ, եւ այս հարցը լուծում ստացավ միայն վերջին տարվա ընթացքում”, - նշեց գործարարը: “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի” տնօրեն Մաքսիմ Հակոբյանը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Հայաստանում պղնձի վերամշակման գործարանի կառուցման հեռանկարը: «Որոշեցինք այդ հարցը մի քանի տարով հետաձգել, քանի որ, ինչպես ցույց տվեցին ուսումնասիրությունները, հանրապետությունում արտադրվող պղնձի քանակը դեռեւս բավարար չէ. այն պետք է կազմի շուրջ 60-80 հազ տոննա, մինչդեռ ներկայումս դեռեւս չի հասնում 40 հազարի», - ասաց Մաքսիմ Հակոբյանը: Tweet Դիտում՝ 5334