Երեւան: Մեդիամաքս: 2008թ. հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները կլուծարվեն առանց տույժերի եւ տուգանքների գանձման: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այդպիսի որոշում է կայացվել ՀՀ կառավարության այսօրվա նիստում: ՀՀ Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանն ասել է, որ այսօր Հայաստանում գրանցված են 145 հազար տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից 70 հազարն արդեն մի քանի տարի փաստացի գործունեություն չեն ծավալում: Կոմիտեն առաջարկում է լուծարել այդ կազմակերպություններն ու անհատ ձեռներեցներին` նրանց հարկային հաշվետվություններ չտրամադրելու համար վարչական պատասխանատվության չենթարկելով: Մեկ այլ որոշմամբ կառավարությունն արտոնություններ է սահմանել կազմակերպությունների ու անհատ ձեռներեցների կողմից պարտադիր հարկային ու սոցիալական վճարումների մասով: Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2010թ. հունվարի 1-ի դրությամբ հարկատուների պարտքը կազմում է ավելի քան 210 մլրդ դրամ` ներառյալ տույժերը (34 մլրդ) եւ տուգանքները (72 մլրդ): Այն սուբյեկտները, որոնց պարտքը կազմում է մինչեւ 50 մլն դրամ, կարող են մարել այն` տարվա ընթացքում ամեն ամիս վճարելով պարտքի 1/10 մասը, իսկ 50 մլն դրամից ավել պարտք ունեցող սուբյեկտները պետք է ամեն ամիս վճարեն ընդհանուր գումարի 1/22 մասը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ որոշումը պետք է խորությամբ լուսաբանվի ԶԼՄ-ների կողմից, որպեսզի «բոլոր ձեռնարկատերերն իմանան, որ իրենց բացառիկ հնարավորություն է ընձեռվում կատարել պարտավորությունները»: «Ըստ էության, դա հարկային համաներման եղանակ է»,- ասել է կառավարության ղեկավարը: Tweet Դիտում՝ 6033