Երեւան/Մեդիամաքս/. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» հայտարարել է Business & Finance Consulting (BFC) ընկերության հետ համագործակցության երկամյա ծրագրի ավարտի մասին, որն ուղղված էր փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման տեխնոլոգիաների ներդրմանը: Ինչպես Մեդիամաքսին հայտնել են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում, ծրագրի իրականացման ժամանակահատվածում` 2009թ. հունվարից մինչեւ 2011թ. մարտ, տրամադրվել է $13,6 մլն ընդհանուր ծավալի 1 233 վարկ: «BFC ընկերությունը ցուցաբերել է տեխնիկական աջակցություն այնպիսի կարեւոր ասպեկտների ներդրմանը եւ զարգացմանը, ինչպիսիք են կադրային ներուժը, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման վարչության կառուցվածքի ստեղծումը, միկրովարկավորման համակարգի մշակումը, շուկայի վերլուծումն ու վարկային նոր ծառայությունների ներդրումը, ինչպես նաեւ դիմումների ուսումնասիրման շրջանում ռիսկերի վերահսկման ուժեղացումը»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի» գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը: BFC ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Միխայել Կորտենբուշի գնահատմամբ, «ունենալով ամենամեծ մասնաճյուղային ցանցը Հայաստանում` «ՎՏԲ-Հայաստան Բանկն» ունի հսկայական ներուժ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման բնագավառում հետագա զարգացման համար»: Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ հովանու ներքո, BFC ընկերության տեխնիկական աջակցությամբ: Tweet Դիտում՝ 6436