ԱԶՍԲ-ն կկրկնապատկի իր վարկային պորտֆելը Հայաստանում առաջիկա 4 տարիներին

24.03.2011 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, Մեդիամաքս: Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկը /ԱԶՍԲ/ այսօր Երեւանում ՀՀ բանկերին ու գործարար շրջանակներին ներկայացրել է առաջիկա տարիների իր ռազմավարությունը եւ առեւտրային կառույցների հետ համագործակցության հնարավոր ուղիները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ԱԶՍԲ նախագահ Անդրեյ Կոնդակովն ասել է, որ ներկայումս բանկը բանակցություններ է վարում հայաստանյան 5 բանկերի ֆինանսավորման ուղղությամբ եւ պատրաստ է ՀՀ ֆինանսական հատվածի հետ համագործակցության հետագա ընդլայնմանը:

Անդրեյ Կոնդակովը տեղեկացրել է, որ մինչեւ 2014թ. բանկը մտադիր է Հայաստանում ֆինանսավորել €50 մլն ընդհանուր ծավալի մինչեւ 7 նոր ծրագիր` այդպիսով կրկնապատկելով իր վարկային պորտֆելը Հայաստանում (ներկայումս ԱԶՍԲ-ն Հայաստանում ֆինանսավորում է €51 մլն-ի 10 ծրագիր):

Անդրեյ Կոնդակովը նշել է նաեւ, որ ԱԶՍԲ-ն շարունակում է պահպանել հայաստանյան ընկերությունների կապիտալ մուտք գործելու մտադրությունը Հարավային Կովկասի 3 երկրներում գործող ներդրումային հիմնադրամի կապիտալին մասնակցության միջոցով: ԱԶՍԲ նախագահն ասել է, որ հիմնադրամի ստեղծման աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում:

ԱԶՍԲ Հայաստանի ազգային տնօրեն, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն ասել է, որ ՀՀ կառավարությունը առաջիկա տարիների ԱԶՍԲ ռազմավարության քննարկման ընթացքում բանկի ուշադրությունը հրավիրել է գյուղատնտեսության եւ գյուղատնտեսական ենթակառուցվածքների ֆինանսավորման հնարավորության վրա:

ԱԶՍԲ-ն կազմակերպություն է, որը հիմնադրվել է սեւծովյան տարածաշրջանի 11 երկրների կողմից` այդ երկրների զարգացմանը եւ տարածաշրջանային ինտեգրմանը նպաստող նախագծերի ֆինանսավորման նպատակով: ՀՀ մասնաբաժինը բանկի կանոնադրական կապիտալում կազմում է 1%, տեսակարար կշիռը կազմակերպության վարկային պորտֆելում` 4.6% (6-րդ տեղը 11 անդամ-երկրների թվում):

Դիտում՝ 6034
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW