Երեւան: Մեդիամաքս: Համաշխարհային բանկը /ՀԲ/ հաստատել է Հայաստանին $16 մլն վարկի տրամադրումը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի ֆինանսավորման համար: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՀԲ երեւանյան ներկայացուցչության ղեկավար Ժան-Միշել Հափին (Jean-Michel Happi) այսօր ասել է, որ ծրագրի նպատակը ՀՀ 6 մարզերի (Արագածոտն, Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք) 55 գյուղական համայնքներում արտադրողականության ու արոտավայրերի վրա հիմնված անասնապահական տնտեսությունների կայունությունը բարելավելն է կաթնատվությունն ավելացնելու, արոտավայրերի կառավարումը բարելավելու եւ տնտեսություններ կողմից անասնապահական մթերքի իրացումը մեծացնելու միջոցով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $21,3 մլն, որից $5,3 մլն-ը տրամադրելու է ՀՀ կառավարությունը: 5 տարվա համար նախատեսված ծրագիրը կիրականացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից` համայնքների հետ համագործակցությամբ: ՀԲ վարկը Հայաստանին կտրամադրվի 20 տարի ժամկետով, 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով եւ տարեկան 0.75% տոկոսադրույքով: Ժան-Միշել Հափիի խոսքերով, այն համայնքներում, որտեղ պետք է իրականացվի ծրագիրը, ապրում է 78 հազ. մարդ, նրանց եկամտի հիմնական աղբյուրը անասնապահությունն է: Ծրագրի շրջանակներում կատարված ներդրումները ուղղված կլինեն ենթակառուցվածքներին, համայնքային գյուղատնտեսական ձեռնարկություններին եւ հարակից օժանդակ ծառայություններին: Գյուղացիների աշխատանքի արտադրողականության բարձրացմանն ուղղված հիմնական միջոցառումներից մեկը կդառնա անասնաբուծական կոոպերացիաների կազմավորումը: Ժան-Միշել Հափին ընդգծել է նաեւ այդ ծրագրի բնապահպանական օգուտի կարեւորությունը, քանի որ, նրա խոսքերով, արոտավայրերի ռացիոնալ օգտագործումը եւ թափոնների կառավարման բարելավումը կդադարեցնեն հողերի դեգրադացիան եւ կապահովեն կենսաբազմազանության պահպանումը: Եթե ծրագիրը ապացուցի իր արդյունավետությունը, ՀԲ-ն կդիտարկի այն ՀՀ այլ համայնքներում ընդլայնելու հնարավորությունը: Tweet Դիտում՝ 7252