Երեւան: Մեդիամաքս: «ՎՏԲ-Հայաստան բանկը» «Միկա» ընկերությունների խմբին կտրամադրի $20 մլն-ի վարկային գիծ տարբեր նախագծերի ֆինանսավորման նպատակով: Ինչպես այսօր համաձայնագրի ստորագրման ընթացքում տեղեկացրել է «ՎՏԲ-Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը, վարկի շրջանակներում կֆինանսավորվեն հիմնական միջոցների ձեռքբերման, վերանորոգման եւ արդիականացման ծախսերը, ինչպես նաեւ շրջանառվող միջոցների համալրումը: Անհրաժեշտության դեպքում կթողարկվեն ակրեդիտիվներ եւ երաշխիքներ` արտաքին առեւտրային պայմանագրերի շրջանակներում ապրանքների ու ծառայությունների արտասահմանյան մատակարարների նկատմամբ «Միկա» ընկերությունների խմբի ֆինանսական պարտավորությունների ապահովման նպատակով: «Մենք «Միկա» ընկերությունների խումբը միշտ դիտարկել ենք որպես մեր ռազմավարական գործընկերներից մեկը: Այդ համատեքստում վարկի տրամադրման մասին որոշումը ժամանակին ու արդիական է թիրախային ծրագրերի իրականացման գործում աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից»,- ասել է Վալերի Օվսյաննիկովը: Նրա խոսքերով, միջոցների 50%-ը ուղղվելու է ազգային ավիափոխադրողի` «Արմավիա» ընկերության, իսկ մյուս կեսը` «Միկա» խմբի մնացած ընկերությունների զարգացմանը: «Արմավիա»-ի սեփականատեր, «Միկա» ընկերությունների խմբի նախագահ Միխայիլ Բաղդասարովն ասել է, որ միջոցները օգտագործվելու են, մասնավորապես, Lufthansa ընկերությունից Bombardier ինքնաթիռի ձեռքբերման համար: Tweet Դիտում՝ 10224