Երեւան/Մեդիամաքս/. Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամպը պայմանագիր է ստորագրել Վրաստանում երկու ամենաբարձր շինությունների կառուցման վերաբերյալ: Ինչպես Trend-ին հայտնել են Վրաստանի նախագահի աշխատակազմում, գործարքի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Նյու-Յորքում` նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ներկայությամբ: Դոնալդ Թրամպը պայմանագրի ստորագրումից հետո հայտարարել է, որ Վրաստանում նախնական ներդրումները կկազմեն $250 մլն: 40-հարկանի շինությունները կկառուցվեն Բաթումիում, յուրաքանչյուր երկնաքերում կլինի 100 էլիտար բնակարան: Ստորագրված փաստաթուղթը “լիցենզիոն համաձայնագիր” է: Շինարարությամբ զբաղվելու է ոչ թե անձամբ Թրամպը, այլ Գեորգի Ռամիշվիլին, ով ղեկավարում է Silk Road Group Georgia-ն` Վրաստանի խոշորագույն մասնավոր ներդրումային ընկերություններից մեկը: Գեորգի Ռամիշվիլին ընդգծել է, որ Բաթումիի երկնաքերը պետք է դառնա զբոսաշրջային մեծ համալիրի մի մասը, որը պետք է ներառի հյուրանոց, խաղատուն, ցուցահանդեսային կենտրոն, խանութներ եւ նավահանգիստ զբոսանավերի համար: Միխայիլ Սաակաշվիլին մամուլի ասուլիսի ընթացքում ծրագիրն անվանել է “հավակնոտ” եւ հայտարարել, որ դրա իրականացումից հետո Բաթումին հնարավոր կլինի համեմատել Դուբայի կամ Սինգապուրի հետ: Դոնալդ Թրամպը եւ Միխայիլ Սաակաշվիլին հաճոյախոսություններ են փոխանակել: Թրամպը Սաակաշվիլիին անվանել է “իր ընկերը” եւ նշանավորել Վրաստանի նախագահի հաջողությունները տնտեսական բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարում: Tweet Դիտում՝ 6108