Պետությունը կհեշտացնի ներդրողների աշխատանքը, բայց բորսայական մասնավորեցման չի դիմի

09.03.2011 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Իր վերջին նիստերից մեկում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված եւ դեռեւս չսեփականաշնորհված պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կառավարման ծրագրին եւ դրա իրականացման ժամանակացույցին։ Ծրագրի նպատակն է բարելավել նշված կազմակերպությունների գործունեության ֆինանսատնտեսական ցուցանիշները, բարձրացնել դրանց մրցունակությունը եւ մասնավորեցման  գործընթացի արդյունավետությունը։

Պետգույքի կառավարման վարչության տվյալներով, Հայաստանում ներկայումս գրանցված է շուրջ 600 ընկերություն, որտեղ պետական մասնակցությունը 50% եւ ավելի է: Դրանցից փաստացի գործող են 447-ը, իսկ մնացածը գտնվում են լուծարման գործընթացում: Կառավարության կողմից հավանության արժանացած ծրագիրը վերաբերում է շուրջ 60 պետական մասնակցությամբ տնտեսվարողների մասնավորեցմանը:

Մեդիամաքսի հետ հարցազրույցում պարզաբանելով նոր ծրագիրը, Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանն ասել է, որ ծրագիրը ենթադրում է փոփոխություններ մասնավորեցման նախապատրաստական գործընթացում:

«Մեր վարչությունն իրականացնում է պետական 50% եւ ավելի բաժնեմասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության մոնիտորինգ, որի հիման վրա կատարում է վերլուծություն եւ նախապատրաստում դրանք մասնավորեցման: Մեր նպատակն է՝ նախապատրաստական գործընթացի կատարելագործման միջոցով հնարավորինս հեշտացնել ներդրողների աշխատանքը», - ասաց Կարինե Կիրակոսյանը:

Այս միջոցառումներն ընդգրկում են, մասնավորապես, օպտիմալացման նկատառումներով մասնավորեցմանը ենթակա սուբյեկտների վերակազմակերպում, եւ ներդրումներ նախատեսող մասնավորեցման ձեւի ընտրության դեպքում համապատասխան գործարար ծրագրի մշակում:

Արդյունքում այն կազմակերպությունները, որոնց կառուցվածքային միավորները (մասնաճյուղերը, ստորաբաժանումները) չեն իրականացնում փոխկապակցված գործունությունն եւ կարող են գործել որպես առանձին միավորներ, «կտրոհվեն» նոր սուբյեկտների, որոնք կներկայացվեն մասնավորեցման առանձին-առանձին:

Ըստ Կարինե Կիրակոսյանի, շատ են նաեւ այնպիսի ձեռնարկությունները, որոնք կուտակել են հարկային պարտավորություններ եւ ունեն շահագործման համար ոչ պիտանի գույք: Խնդրի լուծման համար կառաջարկվի օտարել այդ գույքը եւ ուղղել ստացված գումարները պարտավորությունների մարմանը: Իսկ եթե կազմակերպությունների ակտիվների արժեքն անհամեմատ ցածր է պարտավորություններից, կառաջարկվի դրանք սնանկ ճանաչել:

Այն սուբյեկտները, որոնք չունեն անշարժ գույք եւ գործունեություն չեն իրականացնում, կներկայացվեն լուծարման; լուծարման կներկայացվեն նաեւ անշարժ գույք չունեցող, սակայն գործող կազմակերպությունները, որոնց մասնավորեցումը չի հաջողվի:
 
Ծրագրի շրջանակներում կկատարվեն նաեւ կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշիռներում հողամասերի վերաբերյալ համապատասխան ձեւակերպումներ եւ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները, ինչը, Կարինե Կիրակոսյանի խոսքերով, զգալիորեն կհեշտացնի ներդրողի գործը, քանի որ նա այլեւս ստիպված չի լինելու հողի գնահատման եւ իրավունքների գրանցման հետ կապված առնչվել համայնքի հետ:

«Ակնհայտ է, որ կառավարման մարմնին ավելի հեշտ է գործ ունենալ համայնքի կամ մեկ այլ գործընկեր կառավարման մարմնի հետ, քան ներդրող ձեռնարկությանը կամ քաղաքացուն», - նշում է Կարինե Կիրակոսյանը, հավելելով, որ ներդրողի հոգսը կթեթեւանա նաեւ վերը նշված վերակազմակերպումների միջոցով, քանի որ դրանց արդյունքում սուբյեկտներից կառանձնացվի այն գույքը, որը կապ չունի իրենց բուն գործունեության հետ, ինչի արդյունքում գնորդը կստանա ավելի առողջացված ձեռնարկություն:

Ըստ ծրագրի ժամանակացույցի, նախատեսված աշխատանքների գերակշիռ մասը կկատարվի 2011-ի ընթացքում:

Կարինե Կիրակոսյանը նշում է, որ անհամբերությամբ է սպասում մասնավորեցման ողջ գործընթացի ավարտին, քանի որ պետությունն ի վիճակի չէ արդյունավետ կառավարել իրեն պատկանող բոլոր 447 կազմակերպությունները:

Մասնավորեցման գործընթացն այսօր Հայաստանում ունի լուրջ խթանման կարիք. 2010թ-ին հանրապետությունում մասնավորեցվել է ընդամենը 3 ձեռնարկություն:

«Խնդիրն այն է, որ պետական սեփականության մեջ մնացել են ներդրողների համար քիչ գրավիչ ընկերություններ, որոնք կուտակել են հարկեր, ունեն բռնագանձումներ: Գործընթացին խանգարեց նաեւ ճգնաժամը: Մենք նպատակն է անել ամեն հնարավորը՝ այդ սուբյեկտների ներդրումային գրավչությունը բարձրացնելու համար», - ասաց Կարինե Կիրակոսյանը:

Անդրադառնալով ֆոնդային բորսայում մի շարք պետական ձեռնարկությունները մասնավորեցնելու նախաձեռնության ձախողմանը, Կարինե Կիրակոսյանն ասաց, որ ներկայացված ընկերություններից ոչ մեկն այնչափ գրավիչ չէր, որպեսզի պետգույքի կառավարման վարչությունը գնար հավելյալ ծախսերի՝ ներդրումային ընկերություններ վարձելու համար:

«Դրանք «մի կերպ» շահույթով աշխատող ընկերություններ են եւ մենք կփորձենք մասնավորեցնել դրանք ավանդական եղանակով, առանց հավելյալ ծախսերի», - ասաց Կարինե Կիրակոսյանը:

Նման դիտարկման հետ համաձայն չէ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: Մեդիամաքսի հետ հարցազրույցում նա ասաց, որ բորսայական սեփականաշնորհման համար ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կողմից ընտրված տնտեսվարողների թվում կան այնպիսիք, որոնք փաստացի բացառիկ կարգավիճակ ունեն շուկայում տարատեսակ լիցենզիաների տրամադրման եւ ծառայությունների մատուցման առումով: Բորսայի տնօրենի դիտարկումը վերաբերում է, մասնավորապես, «Քաղաքաշինության գիտահետազոտական եւ նախագծային ինստիտուտ», «Ընդերքաբան» եւ « Ատոմսերվիս» պետական փակ բաժնետիրական ընկերություններին:

Ըստ Արմեն Մելիքյանի, եթե այս ընկերությունների մասնավորեցումից հետո պետությունը չհիմնի համանման ֆունկցիաներով օժտված կազմակերպություններ, ապա նշված սուբյեկտները, կառավարվելով մասնավոր ներդրողի կողմից, կաշխատեն զգալի շահույթով:

«Ես չեմ համարում այս գործընթացը անդարձորեն սառեցված եւ ակնկալում եմ պատասխան քայլեր պետգույքի կառավարման վարչության կողմից», - եզրափակեց Արմեն Մելիքյանը:

 

Դիտում՝ 5355
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW