Երեւան: Մեդիամաքս: Մարտի 4-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 8.25%: 2011 թ. փետրվարին արձանագրվել է 1.9% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 12.4%` պարենային ապրանքների գների աճի բավականին բարձր` 10.1 տոկոսային կետ նպաստմամբ, Մեդիամաքսին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում: ԿԲ Խորհուրդը մտահոգված է գնաճային միջավայրի ընդլայնմամբ, ինչի շարունակականությունը պայմանավորված է պարենային եւ հումքային ապրանքների միջազգային շուկաներում վերջին ամիսների զարգացումներով, 2010 թ. գյուղատնտեսական ապրանքների առաջարկի կրճատման հետեւանքով դեռեւս պահպանվող բարձր գներով, վերջիններիս երկրորդային ազդեցությունների ուժգնացման եւ գնաճային սպասումների ավելացման երեւույթներով: Միաժամանակ, խորհուրդը գտնում է, որ տնտեսության զարգացման ներկա եւ կանխատեսվող միտումները առաջիկա ժամանակահատվածում համախառն պահանջարկի վերականգնման առումով չափավոր գնաճային ճնշումներ են ձեւավորելու: ԿԲ Խորհուրդը` հավատարիմ մնալով փետրվարին արված հայտարարությանը, որոշեց շարունակել դրամավարկային պայմանների խստացումը: Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը, պարտադիր պահուստավորման մեխանիզմում կատարված փոփոխությունները, պետական այլ կառույցների աջակցությունը հակագնաճային միջոցառումների իրականացման գործընթացում իրական նախադրյալներ կստեղծեն գնաճը 2011 թ. երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար: Tweet Դիտում՝ 5752