Երեւան/Մեդիամաքս/. Մեդիամաքս ընկերությունը այսօր հայտարարել է իր www.Mediamax.am կայքի վերագործարկման մասին, որն այսուհետ հանդիսանում է տեղեկատվական պորտալ` էլեկտրոնային թերթի տարրերով: «Մեդիամաքսը ՀՀ մեդիա-շուկայում գործում է 12 տարի, ունի ուժեղ ապրանքանիշ եւ հարուստ փորձ: Մենք որոշել ենք, որ ժամանակն է հանրությանը տեղեկատվություն ներկայացնել ոչ միայն ավանդական ԶԼՄ-ների միջոցով, այլեւ անմիջականորեն»,- ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը: Մեդիամաքսի առաջին ինտերնետային պորտալը` www.Auto.am-ը, գործարկվել է 2003թ.: Այսօր Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգը ներառում է 4 հաջողված եւ լավ մոնետիզացված նախագիծ` www.Auto.am, www.Banks.am, www.Itel.am եւ www.Bravo.am: «Մեզ հաջողվել է ստեղծել Հայաստանի ամենառեյտինգային պորտալները ավտոմեքենաների, ֆինանսական շուկայի, IT-ի եւ հեռահաղորդակցությունների, ինչպես նաեւ ժամանցի ոլորտում: Վստահ ենք, որ www.Mediamax.am հասարակական-քաղաքական պորտալի գործարկումը կհամալրի հաջողված նախագծերի ցանկը եւ ավելի կամրապնդի Մեդիամաքսի դիրքերը ՀՀ ինտերնետային շուկայում»,- ասել է Արա Թադեւոսյանը: Ինչպես եւ ընկերության մյուս ինտերնետային նախագծերի դեպքում, www.Mediamax.am պորտալում հիմնական շեշտը կդրվի սեփական եզակի բովանդակության վրա` նորություններ, վերլուծություն, բացառիկ հարցազրույցներ համաշխարհային առաջատար քաղաքական գործիչների հետ: Մեդիամաքսը նաեւ համագործակցության է հրավիրել տեղի եւ օտարերկրյա հեղինակներին, ովքեր պարբերաբար սյունակներ կգրեն www.Mediamax.am-ի համար: Պորտալում ներկայացված կլինի նաեւ լիցենզավորված արտասահմանյան բովանդկություն: Մեդիամաքսը Project Syndicate միջազգային սինդիկատի կողմից բացառիկ իրավունք է ստացել Հայաստանում ներկայացնել մեկնաբանություններ, որոնք գրում են համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի տնտեսագետներն ու քաղաքագետները: Project Syndicate-ը միավորում է շուրջ 500 ԶԼՄ աշխարհի 150 երկրներում: Բացի դրանից, ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի (GMF) հետ պայմանավորվածությունների շրջանակներում Մեդիամաքսը բացառիկ իրավունք է ստացել Հայաստանում հրապարակել «Թուրքիայի մասին» շարքի հոդվածները` գրված հայտնի ամերիկացի, եվրոպացի եւ թուրք հեղինակների կողմից: Tweet Դիտում՝ 6837