Երեւան/Մեդիամաքս/. “Լիկվոր” դեղագործական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանն այսօր հայտնել է, որ ընկերության նոր գործարանը կբացվի 2011 թվականի հունիսին: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնել է, որ հիմնական շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են, եւ մնում է տեղադրել եւ մոնտաժել սարքավորումները: Սերգեյ Մաթեւոսյանը նշել է, որ նոր գործարանի ստեղծման նախագիծը միջազգային բնույթ է կրում, քանի որ դրանում մասնակցում է “Լիկվոր”-ի բաժնետեր Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական Բանկը, ինչպես նաեւ ՀՀ կառավարությունը, որը 2009 թվականին հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ընկերությանը արտոնյալ վարկ տրամադրեց: Նոր արտադրամասի կառուցման համար ընկերությունը նաեւ իր սեփական ֆինանսական միջոցներն է օգտագործել: Նախագծի ընդհանուր արժեքն է $3,5-4 մլն: «Նոր սարքավորումները թույլ կտան արտադրանքի ծավալները 2,5 անգամ ավելացնել», - ասել է Սերգեյ Մաթեւոսյանը: Նա նշել է, որ ընկերությունը դեռեւս չի պատրաստվում փոխել գործունեության հիմնական ուղղվածությունը` ստերիլ դեղամիջոցների արտադրանքը: «Մենք աշխատելու ենք ներմուծափոխարինման հարթության վրա, եւ ամեն տարի շուկա կհանենք 4-ից 5 նոր դեղամիջոցներ», - ասել է “Լիկվոր”-ի տնօրենը: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ով այսօր ծանոթացավ գործարանի շինարարական աշխատանքների ընթացքին, նշել է, որ սա կառավարություն-մասնավոր հատված համագործակցության լավ օրինակ է: Նա հիշեցրել է, որ կառավարության կողմից վարկային օժանդակությունը «Լիկվոր» ընկերությանը կազմում է 900 մլն դրամ: Կառավարություւնն արդեն այդ գումարից 400 մլն դրամ տրամադրել է ընկերությանը: 2010 թվականին «Լիկվոր»-ի արտադրանքի ծավալը կազմել է 1,19 մլրդ դրամ: Ընկերության արտադրանքի գրեթե 40%-ը արտահանվում է Վրաստան, Ռուսաստան, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Թուրքմենստան եւ այլ երկրներ: Tweet Դիտում՝ 7592